18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե վիրավորել եմ` պատասխան կտամ. պաշտոնյան լրագրողին

Henaran.am-ը անդրադարձել է Սյունիքի “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանի եւ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի հակասությանը: Վերջինս իր մադին մի հրապարակումից հետո թերթի խմբագրին ահաբեկել է`ասելով, որ կվերացնի իրեն եւ ընտանիքին:

Լրագրողի հրապարակումներին արձագանքել է Սամվել Թանգյանը, ով նամակ է ուղարկել խմբագրություն:

“Ահա մի քանի օր է, ինչ Սիսիանի “Որոտան”  թերթի խմբագիր Արեւհատ Ամիրյանը զրպարտությունների. լուտանքների` նախադեպը չունեցող հորձանք է ուղղել անձիս դեմ` հիմք ընդունելով հնարովի, գոյություն չունեցող ինչ-որ դրդապատճառներ: Բարոյականության, պատշաճության որեւէ սահման չճանաչող իր արարքներին նա նույնիսկ փորձում է օրինականության զգեստ հագցնել եւ իրեն նեցուկ դարձնել մամուլի ազատության ապահովման առաքելություն ունեցող կազմակերպություններին ու իրավապահ մարմիններին:

Իրականում, մինչդեռ, Արեւհատ Ամիրյանի շարունակական գանգատն իմ դեմ ի սկզբանե կառուցված է անձնական խնդիրների ու ամբիցիաների վրա եւ միտված է տեղական թայֆաներից մեկի շահերի սպասարկմանը: Այնպես որ, Արեւհատ Ամիրյանի հայտարարած ՙպատերազմը՚ որեւէ առնչություն չունի խոսքի ազատության, լրագրողի մասնագիտական պարտականությունների խոչընդոտման հետ:

Տեղյակ պահեմ, որ հերթական աղմկահարույց այս պատմությանը (մեզ սադրանքի մեջ ներքաշելուն միտված) նա պատրաստվել է հանգամանալից: Ընթերցե’ք, խնդրեմ, իր անձնական թերթում տպագրված վիճահարույց հոդվածը եւ կտեսնեք, թե որեւէ վաստակ չունեցող, աշխարհին դեռեւս ոչինչ չտված անձնավորությունն ինչպիսի ամբարտավանությամբ եւ անզուսպ ցինիզմով է ոտնակոխ անում արժանապատվությունս: Արեւհատ Ամիրյանին թվում է, թե խոսքի ազատության համամարդկային սկզբունքներից օգտվելը բացառապես իր մենաշնորհն է, իսկ ես իրավունք չունեմ նույնիսկ հակադարձելու ուրիշների զազրախոսություններին անգամ:

Ասեմ նաեւ, որ ես` իբրեւ պետական ծառայող եւ քաղաքացի, բաց, անկեղծ, անկաշկանդ հարաբերությունների մեջ եմ մարզի լրատվամիջոցների հետ: Չկա գոնե մեկ օրինակ, որ ես իմ պարտականությունների սահմաններում պահանջված տեղեկությունն ու բացատրությունը ներկայացրած չլինեմ լրագրողներին, ինչը վկայում է լրագրողի մասնագիտության, լրատվամիջոցի կատարած աշխատանքի հանդեպ իմ հարգանքի մասին:

Ես դիմում եմ մամուլի աշխատանքներին ու խոսքի ազատության պաշտպանությանն առնչվող կազմակերպություններին` ուսումնասիրեք Արեւհատ Ամիրյանի վերջին տարիների հոդվածները եւ պատասխա’ն տվեք մի հարցի` իր մեջ այդքան չարություն, չկամություն կրող անձնավորությունը, բազմաթիվ զազրախոսությունների հեղինակը բարոյական իրավունք ունի՞ կրելու լրագրողի բարձր անունը:

Դիմում եմ մարզի իրավապահ մարմիններին` եթե ես իսկապես վիրավորել եմ նրա անձը (թեեւ, կրկնում եմ, նրա ասածը ճշմարտության հետ ոչ մի կապ չունի), ապա պատրաստ եմ գործող օրենքի սահմաններում կրելու պատասխանատվություն: Բայց գտնում եմ, որ Արեւհատ Ամիրյանը պետք է պատասխան տա իմ անձն ու արժանապատվությունը վիրավորելու, անձիս շուրջ վերջին օրերին աղմուկ-աղաղակ բարձրացնելու համար:

 

 Սամվել Թանգյան

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության

եւ բնապահպանության վարչության պետ

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ