Պարկերը չեն բացվի, Սերժ Սարգսյանը որպես վկա չի կանչվի. ՍԴ-ն մերժեց
Քիչ առաջ ՍԴ-ն վերադարձավ խորհրդակցական սենյակից: Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննության ընթացքում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ իր որոշումները:
Սահմանադրական դատարանը մերժեց բոլոր տասնմեկ միջնորդությունները: Մասնավորապես ՍԴ-ն ընթացիկ գործի քննությունը կասեցնելու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած միջնորդությունը մերժեց այն հիմքով, որ թեկնածուի երկրորդ դիմումը սահմանված կարգով գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, որից հետո միայն ՍԴ-ն որոշում կկայացնի այն վարույթ ընդունելու մասին:
Իսկ Սահմանադրությունը նշում է, որ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերը ՍԴ-ն քննում է տասնօրյա ժամկետում: Գործի կասեցման դեպքում այս ժամկետը կխախտվի: Գործի կասեցումը, ՍԴ անդամ Կիմ Բալայանի խոսքով, հնարավոր է միայն այն դեպքում, երբ նշված ժամկետը չի խախտվում:
ՍԴ-ն մերժեց նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին որպես վկա գործում ներգրավելու դիմող կողմերի միջնորդությունը: Ներկայացնելով ՍԴ որոշումը` դատավոր Կ. Խաչատրյանն ասաց, որ գործում առկա նյութերը եւ երրորդ կողմի ներկայացուցիչների բացատրությունները բավարար են գործով իրավական դիրքորոշում կայացնելու համար :
Մերժվեց նաեւ Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը` բացել բոլոր հազար ինը հարյուր ութսունութ տեղամասերի պարկերը, ինչպես նաեւ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը` բացել թվով հինգ հարյուր յոթանասուն տեղամասերի պարկերը, որտեղ գործող նախագահը մեծ առավելություն է գրանցել:
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ներկայացնելով ՍԴ որոշումը, նշեց, որ դատարանն այս միջնորդությունը համարում է ոչ իրավաչափ: ՍԴ որոշման համաձայն` նման գործողություններ իրականացնելու համար ԸՕ նախատեսում է համապատասխան ընթացակարգ եւ ժամկետներ:
Բոլոր միջնորդությունների վերաբերյալ ՍԴ որոշումների ներկայացումից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ ՍԴ-ն որեւէ հնարավորություն չունի երկարաձգելու գործի քննությունը:
Նա շեշտեց, որ դաատարանն իր որոշումը պետք է կայացնի մինչեւ վաղը երեկոյան: ”Ունենք մեկ ցերեկ եւ մեկ գիշեր”,-նշեց Գագիկ Հարությունյանը` հորդորելով կողմերին եզրափակիչ ելույթները ներկայացնել այսօր:
Այս պահին եզրափակիչ ելույթով հանդես է գալիս դիմող կողմը: