18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրաժեշտ Հակոբ Հակոբյանին` վաղը

Մարտի 9-ին, կյանքի 90-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ – Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Տիգրանի Հակոբյանը:

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թ. մայիսի 16-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, Կահիրեում և

Փարիզի Գրան-Շոմիեր գեղարվեստի ակադեմիայում: 1953 թ. մասնակցել է եվրոպական նկարիչների ցուցահանդեսին և արժանացել երկրորդ մրցանակի: Հակոբյանի երազանքն է եղել ապրել իր հայրենիքում:

1961 թ. հայրենիքին է նվիրել իր լավագույն գործերը, որոնք գնահատվել և ցուցադրվել են Հայաստանի պետական պատկերասրահում: 1962 թ. Հակոբ Հակոբյանն ընտանիքով ներգաղթել  է Հայաստան:

Ապրելով Լենինականում, իսկ 1968 թվականից՝ Երևանում, արվեստագետի ստեղծագործական կյանքում  ծնունդ են առնում հայրենի բնանկարների խորամիտ, սքանչելի կտավներ, ինչպես նաև ժամանակին արձագանքող հուզաշունչ պատկերներ և քանդակային գործեր: 1967 թ. Հ. Հակոբյանն ընտրվում է Լենինականի քաղաքային, ապա ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ: Արժանացել է մի շարք պետական մրցանակների, ընտրվել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի անդամ:

1997 թ. Հ. Հակոբյանին շնորհվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, 2005 թ. Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ – Սուրբ Սահակ շքանշանները:

Հակոբյան արվեստագետն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Օդեսայում, Ռիգայում, Մինսկում, Թբիլիսիում, Փարիզում, Վենետիկում, Վիեննայում, Հելսինկիում և այլ քաղաքներում: Մի շարք թանգարաններ ձեռք են բերել Հ. Հակոբյանի աշխատանքները՝ ցուցադրելու նպատակով, լույս են տեսել բազմաթիվ պատկերագրքեր: Նկարչի հայրենասիրական ապրումների հուզող վկայությունն են  նրա տասնյակ գործերի նվիրաբերումը ”Հայաստան” համահայկական հիմնադրամին, երկրաշարժից տուժածներին  օժանդակելու նպատակով Կանադայում անցկացված ցուցահանդես-վաճառքին, ինչպես նաև՝ Փարիզում հայկական արվեստանոցի ձեռքբերմանը:

Հակոբ Հակոբյան մեծ վարպետի արվեստն ու հայենապաշտ ապրումներն անմոռաց  կմնան սերունդների  ներաշխարհում: Հակոբ Տիգրանի Հակոբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 18:30-ից 20:30-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 14-ին, ժամը 12:00-14:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ