Ողջ մրցաշարի ընթացքում մեր ծանրորդուհիները մտածել են զինվորի մասին /վիդեո/
«Դժվար է, երբ մարդ ներկայացնում է իր երկիրը այդպիսի մեծ հարթակներում: Հաղթանակի ՝ այդպիսի բերկրանք վայելելը հեշտ չէ. հարկավոր է աշխատել, ջանք թափել: Չէի էլ որոշել, որ պիտի հաղթանակս Արցախում կռվող տղաներին նվիրեի. hանպատրաստից ստացվեց, բայց ողջ մրցաշարի ընթացքում բոլորս մտածել ենք իրենց մասին: Այն, որ մենք հանգիստ քնում ենք ու պարապում, դա իրենց շնորհիվ է: Ես պարտավոր էի հաղթանակս նվիրել նրանց», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
Նազիկն ընդգծեց՝ հեշտ չէր մեծ սպորտ վերադառնալը:
«Գիտեի, որ բարդ կլինի ամեն բան, որ այսպես, չէի էլ պատկերացնի: Ամեն դեպքում, սա իմ ճանապարհն է, պիտի անցնեմ: Տարի ու կես է, ինչ մարզվում եմ: Մեջքիս վնասվածքի պատճառով մարզումներ բաց չեմ թողել: Ամուսինս հաղթանակիս պահին եղել է առաջին գծում: Գիտեի, որ Արցախում է, բայց ինձ չէր ասել, որ հենց առաջին գծում է: Եթե իմանայի, կանհանգստանայի պարապմունքների ժամանակ: Բայց, ամեն դեպքում, եթե իր կողքին էլ լինեի, նրան հետ չէի պահի: Դա նրա պարտքն է», – ասաց:
Մեր մյուս չեմպիոնը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը մեծ հպարտություն է զգացել, երբ իր հաղթանակը նվիրել է երկրի սահմաններն անառիկ պահող հայորդիներին: Հաստատակամ է` հարկավոր է արդյունքները բարելավվել՝ Օլիմպիադայում բարձունքներ նվաճելու համար:
«Իմ առջև խնդիր եմ դրել. պետք է բարձրացնեմ իմ անձնական քաշը: Իմ մրցակիցները 100 կգ-ից ավելի են կշռում, պետք է իմ քաշն ավելացնեմ: Ինձ հետ նույնիսկ բժիշկներ են աշխատել, որ կարողանայինք քաշս ավելացնել: Զարթուցիչ էի դնում երկու ժամը մեկ սնվում, բայց էլի արդյունք չկար», – ժպտաց Հռիփսիմեն ու հավելեց՝ ջանք չի խնայելու, որ Օլիմպիադայում հաջող հանդես գա: