Միջադեպ ՍԴ-ում. ” Դուք հանցագործ եք”. ակտիվիստը` Մուկուչյանին/վիդեո/
Քիչ առաջ միջադեպ գրանցվեց ՀՀ ՍԴ-ում, որտեղ քննվում է փետրվարի տասնութի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները:
ՍԴ նիստի ընդմիջմանը, երբ միջանցքում լրագրողները հարցեր էին ուղղում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը բարձրաձայն հաատարարեց, թե ”հանցագործին հարցեր մեք ուղղի, նա հանցագործ է”:
”Ամեն մեկը սեփական ընկալողականությամբ է ընկալում երեւույթները, եթե վարդը ցույց ես տալիս կնոջը, նա դրանից ուրախանում է, եթե ցույց ես տալիս որեւէ կենդանու, կարող է ուտի, դոււրը չգա, թքի, դա չի նշանակում, որ դրանից վարդը վարդ չէ”,-արձագանքեց իրեն ուղղված մեղադրանքին Տիգրան Մուկուչյանը:
Այնուհետ Կարեն Հարությունյանը մի քանի անգամ նույն հայտարարությունը բարձրաձայն կրկնեց ՍԴ միջանցքում: ՍԴ անվտանգության աշխատակիցները փորձեցին նրան դուրս հրավիրել` հորդորելով չաղմկել: Իրավիճակին փորձեց միջամտել ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը: Ակտիվիստը, սակայն, իմանալով, որ նա ՀՀԿ անդամ է, հայտարարեց, որ նա էլ է ”հանցագործ”: Մարգարիտ Եսայանն արձագանքեց, թե այդ դեպքում դիմեք դատարան, ինչին ակտիվիստը պատասխանեց.”Դատարանը ձեր` հանցագործներիդ տիրապետության տակ է գտնվում, հարգելիս”:
”Ընտրությունները կեղծելը հանցագործություն է ”,-շարունակեց Կարեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այս երիտասարդը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը խափանած ակտիվիստների շարքերում էր: Նա նաեւ աչքի է ընկել Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ փորձել էր հարթակ բարձրանալ եւ հայտարարություն անել, ինչի արդյունքում վիճաբանություն էր սկսվել նրա եւ ”Ժառանգության” ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի միջեւ: Վերջինս հայտարարել էր, որ նա սադրիչ է:
Մանրամասները` տեսանյութում: