14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաց նամակ /վիդեո/

Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Աստված օգնական, Վեհափառ Տեր

Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Ձեզ սույն թվականի ապրիլի 16-ին «Կենտրոն» հեռուստաալիքով «Հայելու առջև» հաղորդաշարի ընթացքում (http://www.kentron.tv/ index.php/ am/programs/cultural/in-front-of-mirror/item/9690-hayelu-araj-16-04-16.html) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետ Կոմիտաս Հովնանյանի` հոգևոր մի շարք թեմաների վերաբերյալ արտահայտած տեսակետների կապակցությամբ:

Մեզ` քիրստոնյաներիս համար, առնվազն անհասկանալի է, թե մեր Տեր Աստծո սուրբ և հավիտենական խոսքը «Գյուլնազ տատի հեքիաթ» որակող անձը ինչպե՞ս կարող է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ունենալ վարդապետի հոգևոր կոչում: Ինչպե՞ս կարելի է Աստծո խոսքը խարդախող անձին, ում համար հասարակությունը բաղկացած է «բոմժերից» և էլիտայից, ում հոգևոր մեկնությունները հակասում են քրիստոնեական վարդապետությանը, վստահել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսչի պաշտոնը և մեր մատաղ սերնդի հոգևոր դաստիարակությունը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կոմիտաս վարդապետը խիստ խանդավառությամբ ողջունում էր Նատալյա Սոբոլի այն դիտարկումը (http://nyut.am/?p=22509&l=am), թե իբր հայերը հանդիսանում են ամաղեկացիների հետնորդները:

Արդյոք միտումնավո՞ր է սա կատարվում, կամ էլ հայր սուրբը չգիտի՞ մեր Տիրոջ այն խոսքը, որ հավիտենական է և կատարման ենթակա, թե «Ամաղեկի հիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ…», և որ «Տերը պատերազմ ունի Ամաղեկի դեմ ազգից ազգ» (Աստվածաշունչ Մատյան, Ելից 17:14, 16):

Վեհափառ Տեր, Կոմիտաս վարդապետի կամայական և ինքնահնար հոգևոր մեկնությունները, որոնք հակասում են քրիստոնեական վարդապետությանը և դավանաբանությանը, լրջագույնս վնասում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարկանիշին, հայ ժողովրդի հոգևոր միաբանությանն ու ընթացքին:

Հույսով ակնկալում ենք, որ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի` իր հոգևոր կոչմանը և զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը լրջագույնս կարժանանա Ձեր ուշադրությանը:

Աստված օգնական, Վեհափառ Տեր:

 

Հարգանքով՝ Հայկ Նահապետյան

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության  համակարգող

18.04.2016թ.    Երևան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ