ՀՅԴ-ին ռոմանտիկ անվանեցին. Արծվիկ Մինասյանը անարդարացի որակեց
ՀՀԿ-ն 5-րդ գումարման ԱԺ-ի աշնանային նստաշրջանում իր նախընտրական ծրագրին համահունչ է գործել, ԲՀԿ-ն շեշտը դրել է իր այլընտրանք լինելու վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ՛՛ ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը: Նա նշեց, որ հակասություններ են նկատվել ”Ժառանգության” խորհրդարանական գործունեության մեջ:
””Ժառանգությունը” կարծես բոլոր հարցերին անդրադառնում է, բայց օրինակ` պարտադիր կենսաթոշակային համակարգին անցելու հետ կապված ոչ մի դիրքորոշում չունի”,-ասաց նա: Վերջինս ռոմանտիկ մոտեցումներ է նկատել ”Ժառանգություն” ու ՀՅԴ-ի առաջ քաշած նախընտրական ծրագրերում: ”Ավելի ռոմանտիկ մոտեցումներ են նկատվում ՛՛Ժառանգության՛՛ ու ՀՅԴ-ի պարագայում, չի երևում` ինչպես են պատրաստվում իրագործել իրենց մի շարք ծրագրերը, չի երևում այն ենթահամակարգը, որի միջոցով ՀՅԴ-ի նշած 200 հազար աշխատատեղերը կարելի է իրատեսական համարել”,-բացատրեց Աբրահամյանը:
Քննարկմանը ներկա ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ իրենց ծրագիրը կամ ծրագրի որոշ կետեր ռոմանտիկ անվանելը անարդարացի է: ”Մենք այդ բոլոր հաշվարկներն ունենք, ուղղակի դրանք չէին կարող տեղ գտնել նախընտրական ծրագրում, քանի որ մոտ 20 էջ պիտի լիներ”,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա փորձագետը շեշտեց, որ ՀԱԿ-ի առաձնահատկությունն այն է, որ դաշինքը ամփոփ ծրագրով հանդես չի եկել: ”Կենտրոնականը հարյուր քայլ ծրագիրն էր ու ոլորտային քննարկումների ժամանակ ոչ այնքան առարակայական ու բովանդակալից քննարկումներ էին դրսևորում, այլ ավելի շատ հակադարձում էին”: