Րաֆֆին Գագիկ Հարությունյանին ավելի՞ մեծ խոստումներ է տվել
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ անիմաստ է խոսել ՍԴ-ում քննվող ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի մասին, քանի որ արդար որոշման հույս չկա:
՛՛Շատ լավ է արել, որ դիմել է ՍԴ: Գուցե նա Գագիկ Հարությունյանին մի քիչ ավելի մեծ խոստումներ է տվել, քան Սերժ Սարգսյանը, դրա համար էլ ինչ-որ սպասումներ ունի՛՛,-նկատեց քաղաքագետը:
Քննարկման մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը ողջունեց ՍԴ դիմելու քայլը և նշեց, որ հետընտրական զարգացումները պետք է իրավական ճանապարհով ընթանան, միաժամանակ նշելով, որ ՛՛Ժառանգության՛՛ փաստարկները բավական թույլ են:
՛՛Հարյուր քսան դիմումներն էլ եղել են շաբլոնի ձևով տպագրված, որոնցից հիսուն-վաթսունը Հովհաննիսյանը շատ արագ ստորագրել է ու ուղարկել: Փաստերը մեկ բանի մասին են խոսում, Րաֆֆի Հովհաննիսյանի վարդագույն երազը այլ բանի մասին է խոսում՛՛,-շեշտեց Սահակյանը:
՛՛Հանրապետություն՛՛ կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը համաձայն է Սահակյանի պնդման հետ, որ այս դիմումը ամենաքիչ փաստարկվածն է:
՛՛Այս դիմումն ամենաքիչ փաստարկվածն էր եղածների մեջից: Սակայն նախորդները, որ փաստարկված էին, ինչ էին փոխել: Դատարանը մեզ չի համոզում, որ ընտրություններն ազատ ու արդար են անցել՛՛,-հավելեց նա: