Ոստիկանապետն ուսումնասիրում է լրագրողի բողոքը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանը 2013թ. մարտի 8-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին`խնդրելով ուշադրություն դարձնել ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Արման Նշանյանի սխալ աշխատանքին:
Վերջինս լրագրողից բացատրություն է վերցրել Սյունիքի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանի բողոքի հիման վրա, ըստ որի` Արեւհատ Ամիրյանը “վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, հեղինակությունը եւ հեգնանքով իրեն համարել է “ինչ-որ մեկ”` շատ լավ իմանալով իր` Սամվել Թանգյան անուն-ազգանունը”:
Ինչպես Henaran.am-ին տեղեկցրին ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, ուսումնասիրվում են հոդվածում նշված փաստերը:
Ի դեպ, ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Սամվել Թանգյանը զանգահարել էր Ա. Ամիրյանին` մի հրապարակման առիթով եւ նրան ահաբեկել: “Արեւի՛կ, քեզ վերացնելու եմ, ընտանիքդ էլ ոչնչացնելու եմ”,-ասել էր Թանգյանը: