18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թալանված քաղաքացին ցուցմունք տվեց

2013թ. մարտի 07-ին Երևանի Կենտրոնի դատարանում մեկնարկեց Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ստանալու համար “Արին կապիտալ” ընկերությանը վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ սա դեռևս 2011թ. խարդախության փաստով հարուցված, սակայն ավագ դատախազ Արման Հակոբյանի “թեթև ձեռքով”` 2012թ. նոյեմբերի 21-ի ցուցումով, միանգամայն այլ ընթացք ստացած  և մի քանի օր անց “Առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու”  մեղադրանքով դատարան ուղարկված  գործն է:

Դատախազ Հակոբյանին փոխարինած դատախազ Լևոն Չարխիֆալակյանը 2013թ. մարտի 07-ի դատական նիտում հրապարակեց առաջադրված մեղադրանքը, համաձայն որի`Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, “հանդիսանալով “Արին Կապիտալ” ներդրումային ՍՊԸ  ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին օգտագործելով քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել”:

Միակ ամբաստանյալ Էդուարդ Եսայանը մեղադրանքի հետ չհամաձայնեց ` նշելով, որ անհասկանալի է, թե որտեղ ինչ է չարաշահել:

Այնուհետև դատարանում ցուցմունք տվեցին տուժողը և նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը: Այդ ցուցմունքներից պարզ դարձավ, որ գործի փաստերը միանգամայն այլ են, քան առաջադրված մեղադրանքը: Մեղմ ասած, դատախազի ցուցումի հիման վրա հապճեպ առաջադրված մեղադրանքի ու հանցագործությունը կատարած անձանց շրջանակի որոշման հարցում գործի նախաքննության ժամանակ “սխալ ընտրություն” էր կատարվել:  

Այսպես.  ինչպես հանցագործությունից տուժած Լուսինեի, այնպես էլ նրա հոր խոսքերով` բնակարանի պայմանագիրը կնքելուց ու գումարը վճարելուց հետո շուրջ 2.5 տարի այդ բնակարանն իրենց տիրապետության տակ է եղել, ներքին հարդարման աշխատանքներ են իրականացրել, մուտքի դուռ են տեղադրել: Սակայն բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագիր չի կնքվել և սեփականության վկայական չեն ունեցել.

“2009-10 թվականներին վկայական ստանալու վերաբերյալ հարցադրումներ արել ենք ինչպես Վլադիսլավ Մանգասարյանին, այնպես էլ Էդուարդ Եսայանին, բայց անընդհատ այսօր-վաղն էին անում: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Վլադն ինձ կանչեց նոտար` բնակարան ստանալու, մեկ ու կես ժամ սպասեցի, նա չեկավ, զանգեցի, չպատասխանեց: Նոտար չգալուց հետո սկսեցի կասկածել: Այնպես չէր, որ գումար վերցրեցին և 2007-ին խաբեցին ու ասեցին, թե բնակարան չունեք, ես 2-2.5 տարի տնօրինել եմ այդ բնակարանը և բոլորն են տեղյակ եղել, որ դա իմն է: Բայց վկայական տալու այդ ձգձգվող գործընթացից հետո սկսեցի կասկածել: Վլադի հետ ի վերջո խոսեցի, ասաց թե` մի քիչ խնդիրներ կան, պետք է համբերեմ”,- դատարանում պատմեց տուժող Լուսինե Գյուլխասյանը:

“Վլադը քողարկում էր և ձգձգում իրական վիճակի բացահայտումը: Իսկ տնօրենի Էդուարդ Եսայանի մեղավորությունը նաև նրանում է, որ երբ Վլադը մեզ խաբում էր, թե ամեն բան նորմալ է, Էդիկը նայում էր իմ երեսին, ժպտում էր, և գլխով էլ հաստատում Վլադի ասածը: Այսինքն` Եսայանը համաձայնություն էր տալիս Վլադիսլավ Մանգասարյանի գործողություններին”,- նշեց Լուսինե Գյուլխասյանի հայրրը` վկա Գևորգ Գյուլխասյանը:

Տուժողը պատմեց, որ 2010 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերի վերջ իր հոր հետ  պարբերաբար զանգել են թե’ Վլ.Մանգասարյանին, թե’ ընկերության մյուս սեփականատեր Ղևոնդ Ղալումյանին` պարզաբանում ստանալու համար, թե երբ են վկայական ստանալու.

“Վլադ Մանգասարյանը մեր զանգերի ընթացքում ասում էր, թե “տունը իմ եղբոր անունով է, հանգիստ եղեք, խնդիր չկա, ուղղակի մի քիչ կձգվի”: Բայց թե ինչու պետք է նորից իր եղբոր անունով լիներ, դա էլ էր իմ համար հարցական: Որոշեցինք հանդիպել Վլադ Մանգասարյանի գրասենյակում` Ղևոնդ Ղալումյանի և Եսայանի ներկայությամբ:

Վլադն էլի համոզում էր, թե խնդիր չկա, մեզ մտերիմ մարդիկ եք, բնակարանը Ձերն է: Էլի փափուկ բարձ, հանգստացնում են մեզ, ուղարկում: Մեկ էլ հանկարծ նոյեմբեր ամսին իմ գրասենյակ է գալիս մի մարդ և ներկայանում որպես Արմեն Գալստյան, ով իմ բնակարանի տերն է”,- պատմում է տուժած քաղաքացին:

Վկան Գևորգ Գյուլխասյանը նույնպես հիշեց, որ 2010 թվականի նոյեմբեր ամսին Վլ.Մանգասարյանը  խոստանում էր, թե բնակարանը հաստատ իրենցն է և ոչ մի խնդիր չկա, մինչդեռ, ինչպես վկան նշեց, Վլ.Մանգասարյանն այդ ժամանակ արդեն իմացել է, որ բնակարանը այլ անձի է վաճառված:

 “Ի միջիայլոց. բոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունում, նույնն էլ այդտեղ, թե Լուսինե ջան, դա քո բնակարանն է, դու կստանաս: Բայց այդ օրն արդեն, երբ Վլադն այդ ամենն էր ասում էր, նա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդու, սրանից նրան, ի վերջո Արմեն Գալստյանին:

Երբ Լուսինեն այդ ժամանակ ասաց, թե գող, ավազակ ինչու ես բնակարանս վաճառել, նա էլ թե` Լուսինե ջան, չեմ վաճառել, պարտքերի դիմաց գրավ եմ դրել”,- իր ցուցմունքում պատմեց Գևորգ Գյուլխասյանը:  

Վլ.Մանգասարյանի կողմից իրենց խաբելու և Մանգասարյանի նկատմամբ նախաքննության ժամանակ տեղ գտած հովանավորչությունից վրդովված, Գևորգ Գյուլխասյանը հայտարարեց. “Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է”:

Փաստորեն, ըստ տուժողի և վկայի ցուցմունքների, տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի   կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել:

Տուժողի և վկայի ցուցմունքներից դատախազի համար պարզ դարձավ, որ գործի քննությունն այլ ուղղությամբ է ընթանում, քան առաջադրված մեղադրանքն է:

Դատախազն իր ուղղորդված հարցադրումներով համառորեն փորձում էր հայր և դուստր Գյուլխասյաններից պատասխան կորզել, որ գործարքի գումարը Խուդյանն է ստացել և նա է պատասխանատու գործարքի չկայացման համար: Սակայն Գյուլխասյանները, շահագրգռված լինելով իրական փաստերի արձանագրման և գոնե դատարանում գործի ճիշտ քննություն իրականացնելու հարցում, պնդում էին, որ իրենք ոչ թե Խուդյանի զոհն են, այլ իրենց վստահությունը չարաշահած, իրենց խաբած ու բնակարանին տիրած խմբի:

Դատախազի ուղղորդող հարցերը նաև պաշտպանական կողմի արդարացի զայրութն առաջացրեց:

Սակայն Դատախազը շարունակեց իր այդ հարցերը և տուժողին հարց ուղղեց, թե ինչու էր տուժողը բնակարանի ձեռք բերման պայմանագիր կնքելիս վստահել ինչ-որ անծանոթ մարդու` Ռուբեն Մանգասարյանին և պայմանագիրը նրա հետ կնքել: Տուժողն այդ հանգամանքը բացատրեց հետևյալ կերպ. “Նոտարական գրասենյակում Էդիկ Եսայանը վերջին պահին մեզ ներկայացրեց Ռուբեն Մանգասարյանին, թե խնդիր չկա, մեր շինարար Վլադի եղբայրն է:

Նոտարում ես Վլադի եղբորն առաջին անգամ էի տեսնում և գուցե չվստահեի, եթե ես և հայրս բնակարանն ընտրելիս տեսած չլինեինք գրասենյակում Ղևոնդ Ղալումյանին, որը մեր մտերիմ ընկերն էր, բարեկամն էր, եղբորս ընկերն է, քավորը, և չենք կասկածել, որ կարող է նման բան լինի: Վստահել ենք, պայմանագիրը կնքել Ռուբենի հետ և վերջ”:

Դատախազն այդ դրվագով ուղղորդող հարց ուղղեց նաև վկային. “Խուդյանն ինքը չէր ասել Եսայանին` գտնել մի այնպիսի մարդ, ում հետ կկնքվի պայմանագիրը, որին Գևորգ Գյուլխասյանը պատասխանեց, որ <<իր ներկայությամբ նման խոսակցություն չի եղել”:

Պատասխանելով մեղադրող դատախազի մյուս հարցին, թե ինչու Լուսինե Գյուլխասյանը իր բնակարանը չի պահանջել անմիջապես Էդմոնդ Խուդյանից, Լուսինե Գյուլխասյանը նշեց հետևյալը. “2010 թվականի դեկտեմբերի վերջին կամ 2011 հունվարին զանգել եմ Խուդյանին: Նա ասաց, որ տեղյակ է, որ շենքում խնդիրներ կան, կողոպուտ է տեղի ունեցել, ասաց` Լուսինե ջան ոչ մի բանով չեմ կարող օգնել, իմ տունը գողացել են, դիմեք դատարան և նույնիսկ առաջարկեց իր փաստաբանի հեռախոսահամարը տալ”:

Մեղադրող դատախազի այն հարցին թե ի վերջո, ըստ վկայի, գումարը ում մոտ մնաց, վերջինս պատասխանեց. “Արին Կապիտալ”-ի: Պատասխանը չգոհացրեց մեղադրողին, նա ցանկանում էր պատասխան հնչի, որ` Էդիկ Եսայանը գումարը կրկին Խուդյանին է հանձնել: Վկա Գևորգ Գյուլխասյանն էլ մի քանի անգամ, ինչպես մեղադրողի, այնպես էլ պաշտպանական կողմի այդ նույն հարցին պատասխանելով հայտնեց, որ Խուդյանը գումարը դրել է դիպլոմատի մեջ ու իր աչքի առաջ հանձնել է Եսայանին` ընկերության հաշվին մուտքագրելու համար: Ինչն էլ, ինչպես ցույց է տվել այս գործով իրականացված փորձաքննությունը, իրականացվել է:

Նույն դատական նիստում պետք է ցուցմունք տար նաև այս գործով 2-րդ և վերջին վկա Ռուբեն Մանգասարյանը: Վերջինս սակայն դատարանին ներկայացրեց տեղեկանք, որ գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ և չի կարող ցուցմունք տալ:

Վկան փաստաթղթեր ներկայացրեց, որոնց համաձայն ինքը  հոգեկան հիվանդությամբ է տառապում և հայտարարեց, որ նախաքննության ժամանակ էլ է հոգեմետ դեղեր օգտագործել:Դատախազը միջնորդեց այդ հիվանդության կապակցությամբ մի շարք հարցումներ կատարել: Դատարանը միջնորդությունը բավարարեց և վկայի կողմից ցուցմունք տալու հարցը հետաձգվեց` մինչ  հարցումների պատասխանի ստացումը:

Ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե Խաչատրյանը միջնորդեց, որպես վկա դատակոչել Վլադիսլավ Մանգասարյանին: Դատարանն այս միջնորդությունն էլ բավարարեց:

Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 18-ին, ժամը 9.30, որի ընթացքում կհարցաքննվի Վլադիսլավ Մանգասարյանը:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը չցանկացավ լրագրողին պարզաբանում տալ այս դատական նիստում տրված ցուցմունքներին տրամաբանորեն հակասող մեղադրական եզրակացության վերաբերյալ, պատճառաբանելով, որ “իր մեկնաբանություններով կարող է ճնշել ինչպես վկաներին, այնպես էլ ամբաստանյալին, այդ իսկ պատճառով նախընտրում է, որ դռնբաց դատական նիստերում հնչեն բոլոր հարցերի պատասխանները”:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ