ՍԴ-ն քննում է նախագահի թեկնածուների դիմումը. Անդրիասի միջնորդությունը մերժվեց
Այսօր` մարտի 11-ի առավոտյան ժամը 10-ից մեկնարկել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստը, որտեղ քննվում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին :
ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել ‘’Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին’’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։
Միավորված գործով զեկուցողներ են ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:Դատարանում նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են նրա շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանը և պատասխանատու Զարուհի Փոստանջյանը: Անդրիաս Ղուկասյանը ինքն է ներկայացնում իր դիմումը:
Պատասխանող կողմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորել է հանդես գալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և իրավաբան Նունե Հովհաննիսյանին: Հարակից պատասխանողներ են նշանակվել դատախազությունից և ոստիկանությունից: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչներն են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը
Մինչ դատարանի ներսում իրավական գործընթացը շարունակվում է, դրսում` ՍԴ-ի դիմացի մայթին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակից ակտիվիստները ակցիա են կազմակերպել` պահանջելով հարգել “ժողովրդի ընտրությունը”:
Արդեն ՍԴ-ի ներսում` դիմումների քննության ժամանակ Անդրիաս Ղուկասյանը հարցցադրում հնչեցրեց, թե ինչու է Սերժ Սարգսյանին ներկայացնում Արդարադատության նախարարը: Հրայր Թովմասյանը նշեց, որ ինքն այս պահին արձակուրդում է եւ հանդես է գալիս որպես իրավաբան:Սերժ Սարգսյանին ՍԴ-ում ներկայացնում է նեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով Սերժ սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալներից էր:
Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանը միջնորդություն ներկայացրեց Սերժ Սարգսյանի լիազորված անձերի առնչությամբ` ինչու հենց նրանք, որը դատարանը մերժեց: Ղուկասյանի մյուս միջնորդությունը` Սերժ Սարգսյանին ընդգրկել գործընթացում ոչ թե որպես շահագրգիռ երրորդ կողմ, այլ վկա, դատարանը որոշեց հարցը քննել մյուս միջնորդությունների քննության ժամանակ: ՍԴ նիստը շարունակվում է:Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ներկայացնում է դիմող կողմի փաստարկներն ու հիմնավորումները: