Իմ դիակի վրա … Րաֆֆին հացադուլի նստեց /վիդեո/
“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի` մարտի 10-ին Ազատության հրապարակում հայտարարեց, որ հացադուլ է սկսելու հենց այստեղ:
“Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի տվել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու,-ասաց,-չնայած երիտասարդ հանրապետականները Նժդեհին հղելով Րաֆֆուն մեղադրում են օտար բառեր, մասնավորապես ռուսերեն բառեր օգտագործելու մեջ, այնուամենայնիվ, Րաֆֆին “դուխով” ելույթ կունենա եկող ուրբաթ:
Մեր միասնական ձայնը դարձել է հայ ժողովրդի ապագայի մարգարեություն, որն ասում է` յուրաքանչյուր նվաճում, վաստակ, հաղթանակ սկսվում է մի սերմից: Սերմը ցանել ենք, հիմա պիտի բերք ունենանք միասին”,-Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում իշխանություններին ” հարգել ժողովրդի հաղթանակը”:
Բայց Րաֆֆին այլեւս չի գնա Բաղրամյան կամ Հանրապետության հրապարակ:
“Բաղրամյան, Հանրապետության հրապարակ, քաղաքապետարան, այդ գրասենյակները գնալու եմ միայն որպես ձեր ներկայացուցիչ, բայց ոչ բան խնդրելու: Եթե ինքն ասելիք ունի, սիրով կլսեմ Ազատության հրապարակում: Նոր Հայաստանը երկունքի մեջ է: Այդ երկունքը նշանակում է, որ լինելու է ցավ, հակազդեցություն, կրիմինալ, վախ, բայց մենք չենք ենթարկվելու որեւէ սադրանքի: Ով ձեռք բարձրացրեց հայ ժողովրդի վրա պատասխան կտա ժողովրդի առաջ”,-ասաց նա:
Մինչեւ ապրիլի 9-ը` երդման օրը Սերժ Սարգսյանը, ըստ “Ժառանգության” առաջնորդի պիտի հրաժարական տա: Հակառակ դեպքում, “եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, եթե Սերժ Սարգսյանը եւ Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա”:
Հաջորդ հաղթահավաք-հանրահավաքը մարտի 15-ին, ժամը 17-ին է լինելու, որտեղ քննարկելու են ապագա անելիքները, Սահամանադրական դատարանի կայացրած վճիռը եւ ձեւավորելու են ազգային կառավարությունը:
Արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսել` նստելով Ազատության հրապարակի նստարաններից մեկին: