Ոստիկանությունը շատ չի՞ լինում
Մարտի 8-ին Իսահակյանի արձանի մերձակայքում մի խումբ երիտասարդներ կանանց տոնի առիթով ակցիա էին կազմակերպել: Կիթառի հնչյունների ուղեկցությամբ նրանք շրջում էին մայրաքաղաքի փողոցներով եւ բարեմաղթանքներ հղում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Այս նախաձեռնությունը եւս հսկվում էր ոստիկանների կողմից: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, ինչո՞ւ են ոստիկաններն այսօր էլ այսքան շատ:
‘’Ընդհանրապես, ոստիկանությունը շատ չի լինում, մենք ինքներս ենք համաչափությունը որոշում: Եթե անգամ մանկապարտեզում իրականացվի որեւէ միջոցառում, մենք այնտեղ պետք է իրականացնենք հասարակական կարգի ապահովում: Այնպես որ, կապ չունի, սա մարտի 8 է, թե ինչ է, մենք ընդհանուր հասարակական կարգ ենք ապահովում’’,-բացատրեց պարոն Օսիպյանը:
Փոխոստիկանապետին հարց ուղղեցինք` այսօր չկա՞ այն լարվածությունը, որը դրսեւորվում էր դասադուլի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ դասադուլի օրերին:
”Ոստիկանությունը շնորհավորում է կոնկրետ Ձեր եւ բոլոր կանանց եւ աղջիկների մարտի 8-ը, կապ չունի` ակտիվիստ է, թե ոչ”,-այսպես պատասխանեց Վալերի Օսիպյանն ու այլ հարցերի համար հորդորեց դիմել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն: