ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
“Կանանց միջազգային օրը տոնելիս պետք է հետադարձ հայացք նետենք մեկ տարվա ընթացքում կանանց եւ աղջիկների դեմ կատարված` բռնությամբ ուղեկցվող սահմռկեցուցիչ հանցագործություններին եւ հարցնենք ինքներս մեզ, թե ինչպես հիմք դնել ավելի լավ ապագայի:
Մի երիտասարդ կին մահվան ելքով խմբակային բռնաբարության էր ենթարկվել: Մեկ ուրիշն ինքնասպանություն էր գործել ամոթի զգացումից, որը, սակայն, պետք է որ ապրեին բռնացողները: Շատ մոտ տարածությունից դեռահասների վրա էին կրակել միայն այն պատճառով, որ նրանք հանդգնել էին ձգտել կրթության:
Այս վայրագությունները, որոնք իրավամբ համընդհանուր զայրույթ հարուցեցին, մասն էին շատ ավելի մեծ խնդրի, որն, ըստ էության, թափանցում է յուրաքանչյուր հասարակություն եւ կյանքի յուրաքանչյուր ոլորտ:
Նայեք ձեր շուրջը գտնվող կանանց: Մտածեք նրանց մասին, ովքեր թանկ են ձեզ համար՝ ձեր ընտանիքներում կամ համայնքներում: Եվ հասկացեք, որ կա վիճակագրական հավանականություն, որ նրանցից շատերն իրենց կյանքի ընթացքում բռնության են ենթարկվել: Նույնիսկ ավելին՝ սփոփել են քրոջը կամ ընկերոջը եւ կիսել նրանց` հարձակման ենթարկվելու հետեւանքով ծագած վիշտն ու զայրույթը:
Այս տարի Կանանց միջազգային օրը մենք մեր զայրույթը գործի ենք վերածում: Մենք հայտարարում ենք, որ կանանց դեմ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն, եւ մենք երբեք թույլ չենք տա, որ կանայք պատժի ենթարկվեն այն ոտնձգությունների համար, որոնցից նրանք տուժել են: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` պայքարելու առողջությանն սպառնացող համընդհանուր այս վտանգի դեմ, որտեղ էլ որ այն թաքնված լինի` տանը թե աշխատավայրում, պատերազմական գոտիներում թե խաղաղ երկրներում, ինչպես նաեւ այն մարդկանց գիտակցության մեջ, ովքեր թույլ են տալիս, որ բռնությունները շարունակվեն:
Մենք նաեւ հատուկ խոստում ենք տալիս կանանց, ովքեր գտնվում են հակամարտության գոտիներում, որտեղ սեռական բռնությունը շատ հաճախ դառնում է պատերազմի գործիք՝ ուղղված արժանապատվության ոչնչացման միջոցով թշնամու ստորացմանը:
Այդ կանանց մենք ասում ենք. ՄԱԿ-ը ձեր կողքին է: Որպես գլխավոր քարտուղար` ես պնդում եմ, որ հակամարտություններում սեռական բռնությունների ենթարկված բոլոր զոհերի բարեկեցությունը պետք է լինի մեր գործողությունների առաջնային գծում: Եվ ես հանձնարարում եմ իմ ավագ խորհրդականներին խաղաղարարության, խաղաղապահության եւ խաղաղաշինության մեր բոլոր գործողություններում առաջնային դարձնել մեր արձագանքը սեռական բռնություններին:
ՄԱԿ-ի համակարգը ծավալում է “Միավորվենք ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” քարոզարշավը, որը հիմնված է պարզ, բայց եւ հզոր խոստման վրա, այն է` բոլոր կանայք եւ աղջիկներն ունեն մարդու հիմնարար իրավունք՝ ապրելու բռնություններից զերծ:
Այս շաբաթ Նյու Յորքում` Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, աշխարհն անցկացնում է ՄԱԿ-ի մինչ օրս ամենամեծ ժողովն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Մենք այս հավաքից կքաղենք առավելագույնը եւ նույնիսկ դրա ավարտից շատ անց կշարունակենք հետամուտ լինել առաջընթացին:
Ես ողջունում եմ այն բազմաթիվ կառավարություններին, խմբերին եւ անհատներին, որոնք նպաստել են այս քարոզարշավին: Կոչ եմ անում բոլորին միանալ մեր ջանքերին: Լինի որեւէ գործի համար դրամական միջոցներ հատկացնելով թե բողոքի ձայն բարձրացնելով՝ դուք կարող եք մասնակցել այս անարդարությանը վերջ տալու եւ կանանց ու աղջիկների համար իրենց արժանի անվտանգություն, ապահովություն եւ ազատություն ապահովելու մեր համընդհանուր նախաձեռնությանը”:
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ