Հայրապետական օրհնությունը կանանց
Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
“Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեծազնիվ տիկնանց եւ օրիորդներին` Մարտի 8-ի տոնական առիթով:
Ուրախություն է ամենքիս համար այսօր մեծարել մեր սիրելի մայրերին, քույրերին ու դուստրերին եւ գնահատել մեր հայրենական, ազգային ու հոգեւոր կյանքում նրանց նվիրյալ ջանքերը, որոնք արդյունավորված են բազում ձեռքբերումներով:
Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ բոլոր ասպարեզներում իրենց ավանդով, նախանձախնդրությամբ, խնամքով ու հոգածությամբ կանայք շարունակ հաստատում են սուրբգրային խոսքը, թե բարի եւ իմաստուն կնոջ շնորհը առավել է, քան ոսկին:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի բոլոր կանանց եւ օրիորդաց` զորացնելով հավատքով, շնորհազարդելով հոգեւոր առաքինություններով եւ պարգեւելով ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու նորանոր հաջողություններ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն այժմ եւ հավիտյան”: