ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական ակտիվ երկխոսության և համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի այցելությունները Հայաստան:
Եվրամիության ղեկավարության և եվրոպական տարբեր կառույցների դրական գնահատականները Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, մասնավորապես ս.թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին, Հանրապետության նախագահի համոզմամբ, լավ խթան են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, թե միանում է Եվրամիության ղեկավարների շնորհավորանքներին և հաջողություններ է մաղթում Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ շրջանում, նաև՝ Հայաստանի եվրամերձեցման նախաձեռնություններում: Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է, և այդ երկրում խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարական գործընթացները նույնքան կարևոր են:
ՀՀ նախագահը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանի զարգացումներին և Հայաստանում հետընտրական գործընթացներին:
Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: