Ոստիկանությունի՞ց են այցելել Իզաբելլա Աբգարյանի հոր տուն. բլոգերը մտավախություն ունի
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով խորհրդարանական ընտրություններում Ժառանգության համամասնական ցուցակում էր ընդգրկված, իսկ այսօր Ազատության հրապարակում է` Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ‘’Ֆեյսբուք’’ սոցիալական ցանցի իր էջում ահազանգ հարց է բարձրացրել:
Բլոգերը, մասնավորապես, գրել է. ‘’Խնդրում եմ ասացեք, թե էլի կա՞ն մարդիկ, ում այս օրերին ոստիկանությունից (թաղային լիազոր) այցելել են և հարցրել թե քանի հոգի է բնակվում և արդյոք տանը կա զենք-զինամթերք: Այն էլ երեկոյան 9-ին այցելելով հայրիկիս՝ խեղճ մարդու շաքարն են բարձրացնում… Ուզում եմ պարզել, սա համատարա՞ծ է, թե՞ միայն նրան են այցելել’’:
Henaran.am-ին Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ էլեկտրոնային փոստով ոստիկանությանն էլ է համապատասխան նամակ հղել, բայց երեկ երեկոյան ուղարկած նամակին դեռ պատասխան չի ստացվել:
‘’Հաշվի առնելով, որ ես ակտիվ քաղաքականության մեջ եմ, ընդդիմության շարքերում, մտավախություն ունեմ, որ դա կարող է հոգեբանական ճնշման ձև լինել’’,-մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց բլոգերը:
Խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ոստիկանությունից: ”Թաղային լիազորը ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտական է այցելել բնակիչներին, այցեքարտ թողնել հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելու նպատակով’’,- Henaran.am-ին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Միեւնույն ժամանակ նա ասաց, որ ոստիկանությանն ուղղված նամակն անպայման կուսումնասիրվի, հետո միայն հնարավոր կլինի հստակ նշել, թե տվյալ դեպքում ով եւ ինչ նպատակով է այցելել: