Երկու խոստում Շիրակի նորանշանակ մարզպետից /վիդեո/
Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը օրեր առաջ իմացել է, որ ինքն այս պաշտոնում է նշանակվելու: Այս մասին նա ասաց այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում:
Հարցին, թե ինչ դժվարություններ կլինեն իր առջև, մարզպետն ասաց, որ “այդ դժվարությունները շատ են, շատ են պրոբլեմատիկ մարդիկ”, որ աշխատանքը ավելի շատ կապված է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, քան կրիմինալի հետ:
”Իսկ կրիմինալի հետ աշխատում են համապատասխան մարդիկ: Չեմ կարծում, որ դա ինձ համար խնդիրներ կառաջացնի”,-ասաց ԱԱԾ պետի արդեն նախկին տեղակալը:
Ցոլակյանը նշեց, որ ինքն առանց երկար մտածելու է ընդունել այս առաջարկը: Իսկ “ինչն էր այդքան գայթակղիչ”, պատասխանեց. ”Գայթակղիչ չէր, սովորական աշխատանք է: Բոլոր աշխատանքներն էլ կարևոր են”:
Նա համոզված է, որ շիրակցիները նորմալ կընդունեն ուժային կառույցի ներկայացուցչին: Henaran.am-ի հարցին` ինչով է պայմանավորված այն, որ Շիրակի և նախկին, և նորանշանակ մարզպետները ուժային կադրեր են, նորանշանակ մարզպետն արձագանքեց.
”Չեմ կարող ասել, համընկել է ինչ-որ բան երևի: Մնացածը ուժային կառույցներից չեն եղել: Վերջին երկուսը համընկել է”:
Նորանշանակ մարզպետը խոստացավ, որ կադրային փոփոխություններ չի անելու, իսկ աշխատակազմի վերաբերյալ գնահատականներ կտա որոշ ժամանակ անց: ”Ծանոթ-բարեկամի խնդիր չկա: Մարդը, ով աշխատում է, կաշխատի”,-ասաց:
Ի դեպ, Ցոլակյանը եւս մեկ խոստում տվեց` հայտարարեց, որ կուսակցական չի դառնալու:
Մանրամասները` տեսանյութում