17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կանաչ Երեւան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012թ. ընթացքում  կանաչապատման ոլորտում մայրաքաղաքի ձեռքբերումներն ու 2013 թվականին նախատեսված ծրագրերը:

Մարքեթինգի հայկական ասոցիացիայի եւ Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված “Երեւանցիները Երեւանի մասին” հետազոտությունների արդյունքներով՝ Երեւանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների շարքում առաջին հորիզոնականում կանաչապատ տարածքների ավելացումն է: 2013-ի փետրվարի 21-ից 23-ը Կիեւում կայացած նախկին Խորհրդային Միության երկրների “Կանաչ քաղաքների” համաժողովի ընթացքում կանաչապատման ծավալներով եւ ծաղկային ձեւավորումներով Երեւանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը:

Կանաչապատման 2013 թվականի ծրագրերով նախատեսված աշխատանքների շարքում բնապահպանության վարչության պետը կարեւորել է ոռոգման ցանցի ընդլայնումը: Ըստ այդմ, այս տարի միայն գարնանը վարչական բոլոր շրջաններում կանցկացվի  20.7 կմ ոռոգման նոր ցանց:

“Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանաչապատման  աշխատանքները, այդ թվում՝ ոռոգման ցանցի անցկացումը, կատարվելու են համաչափության սկզբունքով,  այնպես, որ բոլոր վարչական շրջաններում ապահովվի համաչափ զարգացում”,- ընդգծել է Ավետ Մարտիրոսյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ծառատունկեր կազմակերպվում են բացառապես ոռոգելի տարածքներում: Նախորդ տարի Երեւանում տնկված 40 հազար ծառերին գարնանը կավելանա եւս շուրջ 50 հազար մշտադալար ծառ ու թուփ: Բնապահպանության վարչության պետը նշել է, որ այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ցանկություն կհայտնեն ծառատունկ իրականացնելու, կարող են դիմել քաղաքապետարան կամ վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկություն եւ անվճար ստանալ համապատասխան քանակի տնկիներ:

Ավետ Մարտիրոսյանը նաեւ ընդգծել է, որ քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում մայրաքաղաքում ապօրինի ծառահատումները բացառելու ուղղությամբ:  “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ համայնքային իշխանություններին է պատվիրակվել կանաչ տարածքները վնասելու կամ ոչնչացնելու դեպքում վարչական տույժեր կիրառելու գործառույթը:

Անդրադառնալով մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքներին` Ավետ Մարտիրոսյանը նշել է, որ, եթե 2012-ին 6.5 հեկտարում տնկվել է ավելի քան 1 մլն 800 հազար ծաղկասածիլ, ապա այս տարի ծաղկային տարածքները կընդգրկեն շուրջ 7 հեկտար տարածք, որը կզարդարվի 2.5 միլիոն ծաղիկներով: Նախորդ տարի մայրաքաղաքում սկիզբ դրված ձեւավոր ծաղկապատման մշակույթը, դիզայներական հարուստ ու հետաքրքիր լուծումներով,  կշարունակվի նաեւ այս տարի: Եվս 30 հեկտարով կավելանա սիզամարգերի մակերեսը: Կանաչ տարածքների ընդլայնման եւ բուսահողի թարմացման նպատակով՝ ՀՀ տարբեր մարզերից կներկրվի 16 հազար խորանարդ մետր բուսահող, 5 հազար խորանարդ մետր կարմիր ավազ:

“Այսօր վարչության կողմից մշակվում են քառամյա ծրագրեր: Եթե այժմ մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքների թիվը հասնում է 8 քմ-ի, ապա 3-4 տարի անց մենք նախատեսում ենք այդ ցուցանիշը հասցնել 12 քմ-ի: Սա մեծ առաջընթաց է եւ լուրջ ցուցանիշ, ինչը հավասար է խորհրդային վերջին տարիների ցուցանիշին”,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ