Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար
Աստվածային օրհնությունը թող հարատև լինի հայ ընտանիքներում, և Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին: Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է … Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր կույսի համար: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38):
Սա է Ավետման գեղեցիկ տոնի պատմությունը, որ գրված է Սուրբ Գրքում: Գարեգին Բ Կաթողիկոսն ապրիլի 7-ը հռչակել է մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այսօր բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: