Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի
Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի: Այդ մասին հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, հաղորդում է “AFP”-ը:
ՄԱԿ-ի տվյալներով` վերջին շրջանում փախստականների հոսքն զգալիորեն մեծացել է: Միայն 2013-ի հունվարի 1-ից Սիրիան 420 հազար փախստական է լքել, որոնց կեսը երեխաներ են:
Փախստականների մեծամասնությունը` 330 հազար մարդ հաստատվել է Լիբանանում, ինչի հետեւանքով երկրի բնակչությունը 10 տոկոսով ավելացել է: Շուրջ 320 հազարը հաստատվել են Հորդանանում, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի, ջրի, բժշկական ծառայությունների հետ կապված խնդիրներ են առաջացել: Տասնյակ հազարավոր փախստականներ են հաստատվել Թուրքիայում Իրաքում, Եգիպտոսում, Հյուսիսային Աֆրիկայում, որոնց մի մասն էլ արդեն Եվրոպա է մեկնել:
Բացի փախստականներից, շատ մարդիկ ստիպված են լքել իրենց տները եւ տեղափոխվել այլ բնակավայրեր` երկրի ներսում: 2013-ի հունվարի տվյալներով` նման մարդկանց թիվը 2.5 մլն է կազմում:
ՄԱԿ-ի տվյալներով` 2011-ի մարտից Սիրիայում ընթացող զինված հակամարտության զոհն է դարձել ավելի քան 70 հազար մարդ: