Իվանիշվիլին բացել է իր եւ Սաակաշվիլու հանդիպման փակագծերը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախօրեին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ կայացած զրույցից հետո ասել է, թե “հանդիպումը փաստորեն պարզապես հանդիպելու համար էր”, որից հետո իրենցից յուրաքանչյուրը մնաց իր նույն կարծիքին, հաղորդում է “Regnum”-ը:
“Ես 3 անգամ հիշեցրեցի նախագահին, որ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ եւ խնդրեցի ձեւակերպել այն, ինչ նա ցանկանում է ասել եւ արդյունքում նման եզրակացության եկա. առաջին հերթին նա պահանջում է, որ ես ճնշում չգործադրեմ վրացական ԶԼՄ-ների վրա:
Դա աննախադեպ երեւույթ էր, սակայն ես նրա բոլոր պահանջներին պատասխանում էի ժպիտով: Նա խոսում էր ինչ-որ 25 հազար մարդկանց մասին, որոնց կառավարությունն իբր թե հետապնդում է քաղաքական դրդապատճառներով: Հասկանալի չէ` որտեղից է նա վերցրել այդ թիվը, եթե դատախազությունում դեռեւս 7 հազար դիմում է ներկայացվել”,-ասել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով` ինքը եւս հարցեր է ուղղել նախագահին, որոնց պատասխաններին դեռեւս սպասում է: Վարչապետի խոսքով` ինքը ցանկանում է, որպեսզի Սաակաշվիլին եւ նրա թիմը մնան վրացական հասարակության արժանի անդամները, չնայած այն փաստին, որ նրանցից շատերը իրենց ժամանակին օրենք են խախտել եւ պետք է պատասխանատվություն կրեն դրա համար:
“Մեր զրույցը “կրկնիր իմ ասածը” ձեւաչափով էր, եւ այն, ինչ ես կոչ էի անում Սաակաշվիլիին, նա կոչ էր անում ինձ”,-եզրափակել է Իվանիշվիլին: