Անդրիասի ցանկությունը` մի դիմում էլ նրանից
Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը ՍԴ ներկայացնելուց կարճ ժամանակ անց Սահմանադրական դատարանից դուրս եկավ նաեւ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը եւ լրագրողներին հայտնեց, որ մի դիմում էլ ինքն է ներկայացրել ՍԴ-ին:
Անդրիաս Ղուկասյանը պահանջում է գործող նախագահ Սերժ Սարգսյանից հաշվետվություն ներկայացնել Սերժ Թանկյանին հղված նամակում արված հայտարարության կապակցությամբ:
”Սերժ Սարգսյանը Սերժ Թանկյանին հրապարակային նամակով պատասխանել է եւ հայտնել է, որ ինքն է Հայաստանում ընտրություններ կազմակերպել: Այդ հայտարարությունը հակասում է ՀՀ ԸՕ երեսունչորսերորդ հոդվածին: ՀՀ-ում ընտրությունները կազմակերպում են ընտրական հանձնաժողովները, որոնք ունեն եռաստիճան համակարգ, ոչ թե Սերժ Սարգսյանը”,-լրագրողներին ասաց թեկնածուն:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով, ընտրությունների ընթացքը եւ արձանագրած խախտումները հիմք են հանդիսանում կարծելու, որ ընտրությունների կազմակերպիչը եղել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը լուրջ քաղաքական հայտարարություն է:
”Գտնում եմ, որ Սերժ Սարգսյանի ` Սահմանադրական դատարան գալը եւ բացատրելը, թե Գյումրիում ինչ նկատի ուներ ասելով, որ ինչ տոկոս ուզեմ, այնքան էլ կխփեմ, կպարզաբանի բոլորիս համար, թե ինչպես է պետք ընկալել Սահմանադրությունը մեր երկրում, որպեսզի դա համապատասխանի սահմանադրականության մասին իշխող կուսակցության պատկերացումներին”,-հայտարարեց նախագահի նախկին թեկնածուն:
Անդրիաս Ղուկասյանն ասաց, թե դիտորդներն էլ են արձանագրել, որ իշխող կուսակցությունն իրեն նույնացնում է պետության հետ:
Ինչ վերաբերվում է իր սպասելիքներին ՍԴ-ից, Անդրիաս Ղուկասյանն ասաց.”Ես կուզենայի Սերժ Սարգսյանին տեսնել Սահմանադրական դատարանում, առհասարակ, դատարանում կուզենայի իրեն տեսնել, գոնե Սահմանադրական”: