”Րաֆֆին պարապ է մնացել, միտինգ է անում” /վիդեո/
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամներին և կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբին խորհուրդ է տալիս լռություն պահպանել և նախապես չքննադատել Սահմանադրական դատարանին:
՛՛Այսօր դիմելու են ՍԴ, կարծում եմ, որ սա լավ առիթ է, որպեսզի բոլորս պահպանենք լռություն ու թողնենք՝ ՍԴ-ը որոշում կայացնի և ոչ թե իրենց ելույթներում տան գնահատական՝ ՍԴ-ին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահակյանը:
Պատգամավորը հարգում է այն մարդկանց տեսակետը, ովքեր ի նշան իրենց դժգոհությունների այսօր դուրս են եկել ՛՛Ազատության՛՛ հրապարակ: Սակայն նրանց պահանջներն ու Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները “քիչ այլ են”: Սահակյանի համար զարմանալի է, թե ինչու ՛՛Ժառանգությունն՛՛ իր բողոքն արտահայտելու համար չդիմեց ԿԸՀ կամ Վարչական դատարան:
՛՛Իրավական համակարգը հնարավորություն է տվել բողոքարկել: Որևէ իրավական տեխնոլոգիայից չեն օգտվում, ընդամենը փողոցում հայտարարություններ են անում: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չի հայտնվել ԱԺ-ում իր գործողությունների պատճառով, ապա պետք չէ դրա համար ուրիշներին մեղադրել: Կարծում եմ, որ նա պարապ է մնացել, դրա համար էլ միտինգ է անում, որպեսզի քաղաքական իր դրսևորումները ռեալիզացնի՛՛,-հայտարարեց Հովհաննես Սահակյանը: