Ծխող աղջկա թասիբի համար բախվեցին դասադուլավորներն ու դասի նստողները /ֆոտո, վիդեո/
Քիչ առաջ ԵՊՀ-ի դիմաց մեկնարկեց մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիան: Դասադուլավոր ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի հրաժարականը:
Ուսանողներից ոմանք կարծում են, որ խնդիրը ոչ թե հենց Գեւորգ Մելքոնյանն է, այլ ընդհանուր համակարգը: Մյուսները նշում ն, որ “նրա նմանները ոչ միայն համալսարանում, այլ Հայաստանում տեղ չպետք է ունենան”:
Ուսանողներն իրենց ձեռքին ունեն պաստառներ, որոնց վրա գրված է . “Գեւորգ Մելքոնյան, հարգեք ուսանողին”:
Հիշեցնենք, օրերս միջադեպ էր գրանցվել ԵՊՀ ռեկտորի օգնականի եւ երիտասարդ ակտիվստների միջեւ: Վերջինս ասել էր` “զորքը առաջ բերեք”, նկատի ունենալով ուսանողներին:
Նախքան ակցիայի մեկնարկը դարձյալ միմյանց մեղադրանքներ ուղղեցին ակտիվիստներն ու դասի գնացող ուսանողները:
Դասադուլավոր աղջիկներից մեկը ծխում էր: “Եկել եք այստեղ, որ ծխեք, կոֆե խմեք, դաս չանեք, ոչ թե հանուն ինչ-որ գաղափարների պայքարեք”,-նետեցին համալսարանական տղաները: Դասադուլավոր մի երիտասարդ պահեց ընկերուհու “թասիբը”` լեզվակռիվ տալով:
Henaran.am-ի հետ զրույցում դասադուլին չմասնակցող տղաներն ասացին, որ իրենք ընդամենը ցանկանում էին զրուցել, հասկանալու համար, թե ուսանողներն ինչու էին դասադուլ անում, ծանոթանալ նրանց, նրանց պահանջներին:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց ուղղակի սադրանքի են ենթարկում: Հավելենք, որ այստեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան, ով մոտեցավ ուսանողներին եւ խնդրեց ավելի ցածր ձայնով շարունակել ներկայացնել իրենց պահանջները: Դասադուլավորները համաձայնեցին` նշելով, որ իրենց այսօրվա ակցիան խաղաղ է:
Henaran.am–ի թղթակիցը հաղորդում է, որ համալսարանի դիմաց այսօր վաղ առավոտյան նստադուլ է գհայտարարել միջազգային ֆակուլտետի ուսանող Վազգեն Գալստյանը: Նրա պահանջը ԵՊՀ-ի կրթության որակի մասով է:
Վազգենը Henaran.am–ի հետ զրույցում նշեց, որ նախկինում էլ է դիմել նման քայլերի, սակայն արդյունքի չի հասել: Հույս ունի, որ այս անգամ իր պահանջներին արձագանքողներ կլինեն: Ասաց` առայժմ չգիտի` քանի օր նստադուլ կանի:
ԵՊՀ-ից ուսանողները շարժվելու են Սահմանադրական դատարան: