«Էդ վիժվածքները հասկանո՞ւմ են, որ ամայացնում են մարդկային ցեղը … »
Ողբերգական մահով իր լուսավոր կյանքն ավարտած Կարեն Վարդանյանին առաջին անգամ ճանաչեցի սահմանադրական բարեփոխումների առնչությամբ բանավեճերի ընթացքում: Ինձ ապշեցնում էր այդ երիտասարդի նվիրված սոցիալիստ լինելը: Որևէ հարցում ինձ հետ համաձայն չէր, սակայն քննադատում էր համով, առանց չարության՝ հընթացս հիշեցնելով, որ շուտով կհաղթանակի սոցիալիզմը: Իշխանություններին քննադատում էր անխնա, սակայն մտավորականին և իր Հայրենիքը սիրող Մարդուն բնորոշ կեցվածքով:
Շուտով դարձանք միմյանց գնահատող գաղափարական հակառակորդներ: Վերջերս պարբերաբար զանգահարում կամ հաղորդագրություններ էր ուղարկում, որպեսզի հանդիպի և փոխանցի իր նոր գիրքը, և որքան եմ ցավում, որ հիվանդության և այլ ոչ այնքան լուրջ պատճառներով ժամանակ չգտա Կարենին հանդիպելու համար: Ցավալի է, այդ մաքրեմաքուր, մեր օրերի համար ինչ-որ տեղ անսովոր, միամիտ ու տարիօրինակ մարդկանց վրա ինչպե՞ս է ձեռք բարձրանում: Էդ վիժվածքները հասկանո՞ւմ են, որ ամայացնում են մարդկային ցեղը, որ կմնան միայն այնպիսիք, որ վաղն էլ իրենց զավակների հետ անխուսափելիորեն այդպես կվարվեն: Աստված հոգին լուսավորի …
Հ.Գ. Թեպետ պատեհ չէ, բայց նկատեմ, որ ժամանակն է վերանայել բռնագանձման ոչ ենթակա գույքի ցանկը: Մարդու միակ և նվազագույն արժեքով կացարանը չի կարող դառնալ կալանքի առարկա: Հակառակ դեպքում մարդիկ մի քանի հարյուր հազարի դրամի տուգանքը մարելու հնարավորությունից զրկված լինելու արդյունքում դիմում են զանազան վտանգավոր հնարքների: Ցավոք, սա, թերևս, միակ դեպքն է, երբ Կարենը ի վիճակի չէ իր հերթական անհամաձայնությունը հայտնել…