Հռոմի պապը շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհավորական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` իր հոգևոր ծառայության 25-ամյակի առթիվ:
Այս մասին գրում է prensaarmenia.com.ar կայքը եհ նշում, որ շնորհավորական նամակում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մասնավորապես նշել է.
«Սիրելի’ եղբայր, հայ համայնքը նշում է Ձեր առաջնորդության 25-ամյակը: Շնորհակալական աղոթքով միանում այս ուրախությանը: Թո’ղ Տերը հատուցի այն ամեն բարիքը, որ գործել եք և շարունակում եք գործել: Շնորհակալ եմ Աստծուն Ձեր ծառայության համար և աղոթում եմ, որ այն շարունակի արգասաբեր լինել: Եվ խնդրում եմ, որ հիշեք ինձ Ձեր աղոթքներում: Խնդրում եմ փոխանցեք իմ ողջույնները հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներին»:
Գիսակ արքեպիսկոպոսի ծառայությունը նշանավորող միջոցառմանը ներկա են գտնվել Արգենտինայի կառավարության, հայ եկեղեցու, հայ համայնքի և Արգենտինայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ:
Հայ համայնքի ներկայացուցիչ Ալբերտո Ջերեջյանը այս առիթով շեշտել է, որ Գիսակ արքեպիսկոպոսը Արգենտինայի հայ համայնքի կարևորագույն առաջնորդներից է: «Ինձ Արգենտինա էին ուղարկել հինգ տարով, սակայն այդ ժամանակը լրանալուց հետո փոխադարձ համաքայնությամբ որոշեցի մնալ: Հուսամ, որ մեր միասնական աշխատանքը հանուն Հայ ժողովրդի և Հայ եկեղեցու կշարունակվի»,- իր հերթին նշել է Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: