50-60 տարեկան կանայք դասադուլ են կազմակերպում. ԵՊՀ աշխատակազմի ղեկավար
ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրեր շարունակ ԵՊՀ-ի դիմաց հնչող դասադուլի կոչերին, իր մտահոգությունը հայտնեց ընդհանուր գործընթացի հետ կապված:
“Ցավոք սրտի, այս գործընթացները մտահոգիչ են, քանի որ բուհական տարածքներում իրենց կոչերով խոչընդոտում են կրթանան կյանքի բնականոն ընթացքը”,-ասաց նա`հավելելով, որ ԵՊՀ-ն երբևէ չի փակել դռները որևէ մեկի առջև: Իր խոսքերը նա հիմնավորեց նրանով, որ ոստիկանների կողմից երբեք խոչընդոտ չի եղել տեղաշարժերի կամ նրանց կամքին, քանի որ ոչ մի այդպիսի դիմում կամ բողոք չի եղել:
“Ուսանողներ կան, որոնք միացել են այդ ամենին`դա իրենց կամքն է: Սակայն կոչ եմ անում փոքրամասնության միջոցով մեծամասնության շահերը չոտնահարել”,-ասաց նա:
Ալիկ Ղարիբյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ բուհերի տարածքը քաղաքական գործունեությունից դուրս է. “Սակայն մենք չենք պարտադրում ուսանողներին դասերին նստել”: Նրա խոսքով, պետք չէ այժմ տեղի ունեցող գործընթացները համեմատել 88 թվականի դեպքերի հետ:
“Սխալ է զուգահեռներ տանելը ժողովրդի կողմից սրբացված գործընթացների հետ, և այսօր ասել ,թե Ապարանը կռվել է թուրքերի դեմ, այժմ էլ պայքարենք`դա ճիշտ մոտեցում չէ”,-ասաց նա: ԵՊՀ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ պետք է սովորել հարգել մեծամասնության կարծիքը:
“Այսօր տասնյակ ուսանողներ, աշխատակիցներ կատարում են իրենց պարտականությունները, և այդ ամենը խոչընդոտելը չի բխում մեծամասնության շահերից”:
“Այն ուսանողուհին, որը միջնամատի ուղեկցությամբ վիրավորանքներ է տեղացել, թուրքագիտություն է ուսումնասիրել, և ավելի լավ կլիներ ,որ այդ անձը հետևեր իր պահվածքին”,-նշեց բանախոսը`հավելելով, որ խնդիրն է այն է, որ նախաձեռնողների մեջ կան 50-60 տարեկան կանայք, կան մարդիկ, ովքեր, համալսարանի հետ կապ չունենալով, մասնակցում են այդ ամենին, կազմակերպում: