Արթուր Բաղդասարյանն էլ
Երեկ ուշ երեկոյան ավարտվել է “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին և հետընտրական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ամփոփվել են կուսակցության տարածքային կառույցներից ստացված հաղորդումները ընտրական գործընթացների և հետընրական իրավիճակի մասին, կատարվել են եզրահանգումներ, տրվել են անհրաժեշտ քաղաքական և կազմակերպական հանձնարարականներ: Նիստի արդյունքներով կուսակցության քաղաքական խորհուրդը ընդունել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց ընտրողների 58.64% կողմ ձայներով Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով վերընտիր Նախագահին, մաղթում ենք հռչակած ծրագրերի բարեհաջող և արդյունավետ իրականացում` ի բարօրություն մեր ժողովրդի և ի շահ պետության ամրապնդման:
“Օրինաց երկիր” կուսակցությունն իր երախտիքի խոսքն է հղում կուսակցության անդամներին և համախոհներին նախագահական ընտրություններում կուսակցության քաղաքական դիրքորոշումը կյանքի կոչելու գործում ցուցաբերած հետևողականության համար:
ՕԵԿ քաղաքական խորհուրդը միաժամանակ.
Գոհունակությամբ ընդգծում է միջազգային կազմակերպությունների և աշխարհի ուժային կենտրոնների դրական գնահատականները ընտրությունների վերաբերյալ :
Կարևորում է ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունների և խախտումների համակողմանի քննությունը և իրավապահ մարմինների կողմից պատշաճ հետևողականության ցուցաբերումը դիմում-բողոքների հիմքով օբյեկտիվ և շուտափույթ քննություն անցկացնելու, մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Հորդորում է ներկա և հետագա քաղաքական գործընթացները, զանգվածային միջոցառումները, բողոքի երթերն ու ցույցերը իրականացնել բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն, առաջնորդվել ներքաղաքական կայունության և Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունը չխաթարելու հրամայական պահանջով:
Առաջարկում է նախաձեռնել հանրային լայն երկխոսության ձևաչափ` դրանում ներգրավելով շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին` առկա խնդիրները համատեղ քննարկելու և երկխոսության միջոցով լուծելու համար:
Կոչ է անում Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ, որը քննության առարկա կդարձնի երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը, կառաջարկի լուծումներ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով նաև օրենսդրական բարեփոխումներ:
“Օրինաց երկիր” կուսակցությունը միաժամանակ հանդիսանալով իշխանության մաս կազմող քաղաքական ուժ, հայտարարում է երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության և հրամայականի մասին:
Կուսակցությունը իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու և ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:
Կուսակցությունը փաստում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջափուլում անելու է հնարավորը համատեղ ջանքերով ձևավորված նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու համար, ակնկալելով երկրի Նախագահից համաձակ ու վճռական փոփոխություններ` երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Երկրում ստեղծված դժվարին սոցիալ տնտեսական իրավիճակի, ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց ժամանակին ու արդյունավետ լուծման գործում կուսակցության քաղաքական խորհուրդը գտնում է, որ.
Անհրաժեշտ է առավել ակտիվ շարունակել բարեփոխումները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում` անցում կատարելով դրանց իրականացման վճռական փուլերին:
Հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման գործում ներմուծել գործուն, նորարարական գործիքներ, ապահովելով որպեսզի դրանք չկրեն իմիտացիոն բնույթ: Այդ համատեքստում իրականացնել հանրության օբյեկտիվ դժգոհությունը հարուցող ոլորտներում կտրուկ կադրային փոփոխություններ` ձերբազատվելու համար լճացած, հոգնած և հղփացած կադրերից, փոխելու համար իշխանության դեմքը` նոր, գրագետ և կիրթ մարդկանցով:
“Օրինաց երկիր” կուսակցությունը հիմք ընդունելով ժողովրդի առջև ստանձնած իր պարտավորությունները և պատասխանատվությունը, կուսակցության նախընտրական ծրագիրն ու գործունեության առաջնահերթությունները հայտարարում է, որ այսուհետ ևս առավելագույն ջանքեր կգործադրի երկրում ընթացող բարեփոխումները էլ ավելի վճռականորեն առաջ մղելու համար: