էջմիածնի քաղաքապետը վրդովված է
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել եւ նշել.
«Սաստիկ վշտացած եւ վրդովված եմ, քանի որ այս գիշեր էջմիածնի հիմնական խճուղու եւ Էջմիածնի՝ Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի տարածքից գողացվել են տուաներ ու արծաթափայլ եղեւնիներ:
Քաղաքապետարանի աշխատակազմն ամեն ինչ անում է էջմիածինը բարեկարգելու, կանաչապատելու, ծաղկաստանի վերածելու համար: Մշտապես ոռոգվող կանաչապատ տարածքների ստեղծումը մեր առաջնահերթություններից է, մենք քաղաքի շուրջը պաշտպանիչ անտառաշերտ ենք հիմնել եւ զարգացնում ենք: Մենք կառուցում ենք ապագայի Էջմիածինը, մեր երազանքների Էջմիածինը, եւ լիահույս ենք, որ ունենք էջմիածնեցիների աջակցությունը: Կարծում եմ՝ իրավունք ունենք ակնկալելու էջմիածնեցիների սրտացավ վերաբերմունքը քաղաքի նկատմամբ:
Հարգելի՛ էջմիածնեցիներ, եկեք միասնաբար բռնենք գողի ձեռքը, միասնաբար դատապարտենք այսօրինակ դրսեւորումները: Ես ու քաղաքապետարանի՝ իմ ղեկավարած թիմը, միեւնույն է, շարունակելու ենք գեղեցկացնել մեր քաղաքը: Որպես ասվածի ապացույց՝ ապրիլի 2-ին մեր քաղաքում հերթական ծառատունկն ենք անցկացնում: Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել ծառատունկին: Էջմիածինը համայն հայության հոգեւոր կենտրոնն է, Էջմիածնի ներկայանալի տեսքը՝ ամենքիս պատիվն ու հպարտությունը:
Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ»: