Շիրակի մարզում աշխատանք փնտրողների թիվը կրկնապատկվել է
Ըստ վիճակագրության, եթե 2014 թվականին Շիրակի մարզում գրանցված աշխատանք փնտրողների թիվը եղել է 9000 մարդ, ապա այդ թիվը 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել եւ հասել է՝ 15 հազար 400-ի:
Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր հրավիրված քննարկման ժամանակ այսօր խոսել են ոլորտի մասնագետները:
ՀՀ Զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Գագիկ Թորոսյանն նշել է, որ քաղաքացիների իրազեկվածությունն է աճել. «Եթե նախկինում շատերը պարզապես տեղյակ չէին զբաղվածության կենտրոնների գոյության մասին, ապա այսօր գալիս, գրանցվում են և ակտիվորեն ներգրավվում իրականցվող ծրագրերում: Գրանցված աշխատանք փնտրողների թվի աճին նպաստել են նաև ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, որոնց արդյունքում մեծ թվով մեր հայրենակիցներ, Հայաստան վերադառնալուց հետո զրկվեցին Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունից և մնացին այստեղ»,-ասել է Գ. Թորոսյանը:
Բանախոսը նաեւ հիշեցրել է, որ Զբաղվածության գործակալությունը Շիրակի մարզում իրականացնում է ավելի քան 10 ծրագրեր:
Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցող Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը նշել է, որ զբաղվածության կենտրոնի պաշտոնական էջում ներկայացված են մարզում գործող բոլոր աշխատատեղերը, բայց առանց անհրաշեշտ տվյալների, ինչը զրկում է գործնականում տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունից:
Նշենք անեւ, որ 2015 թվականին Շիրակի զբաղվածության կենտրոնի իրականացրած ծրագրերի շնորհիվ աշխատանք է գտել 563 մարդ: