«Քեզ Տաշու՛մ են, Քերթու՛մ, Սղոցու՛մ են…»
«Ոգեղենությունը մեր մեջ պակասել է և այդ ոգեղենության պակասը՝ զգացմունքի պակաս է ծնում: Ինչ ճառ էլ ուզում է ասեն, եթե մեջը հոգի չկա, դառնում են դատարակ խոսքեր, արժեզրկված որոնց միշտ հանդիպել ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով մերօրյա «հերոսներին», ովքեր քաղաքական դաշտ են կերտում՝ ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
«Իրականում վտանգվում է մոլորակի գոյությունը: Եթե մենք ուշադիր հետևենք ընթացող գործողություններին, պատերազմների ընթացքին, անհետևողական կարգուկանոնին, ապա կտեսնենք, որ ամեն բան անկառավարելի է դառնում: Պետք է գիտակցենք, որ ստեղծված համընդհանուր անկառավարելիությունը դառնում է մոլորակի կործանման պատճառ»,-նկատում է բանաստեղծը:
Բանաստեղծը շարունակում է աշխարհին նայել մաքրամաքուր զգացմունքների աշխարհից: Նրա ծնած տողերը հագնված են ամենաիսկական հավատի գույներով:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը իրեն պարտավորված է զգում ընթերցողի առաջ: Երազում է, որ մարդիկ ավելի զգացմունքային և ավելի առաքինի լինեն.
«Ես ուզում եմ ասել, որ գիրքը այսօր էլ կարդում են, գիրք սիրողներ շատ կան, համացանցով ընթերցողը ինձանից գիրք է պահանաջել: Եթե մենք տանը ընթերցում ենք, այդ գրքի էներգիան մեզ փոխանցվում է, համացանցը այդ զգացմունքը չի տալիս:Ես հավատում եմ գրի ուժին: Մենք Հրանտ Մաթևոսյանի պես հսկա երևույթ ունեացանք, նա իր հաղթարշավը ունենալու է այս երկիր մոլորակի վրա»:
Ի դեպ այսօր՝ մարտի 3-ին նշվում է Գրողի համաշխարհային օրը: Աստվածահաճո զուգադիպությամբ այսօր նաև բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ծննդյան օրն է:
Բանաստեղծը մեծ սիրով մեզ հետ կիսվեցի իր արարած տողերով.
Հուղարկավոր քամիներ են հայտնվել՝
Խինդով տանում ու թաղում են ամեն բան,
Դրանց մեր հին կարոտներն են ծիծ տվել
Էգածարավ գիշերվա մեջ կուսական։
Վա՜յ՝ ապերախտ ծնունդներին ուրացյալ
Եվ բարբարոս վհուկներին մահահոտ,
Արևը ձեզ հրե տենչեր հղեցավ,
Բայց գոյացաք կրակներին անհաղորդ։
Ասում եմ ձեզ՝ Սուրբ-կույս Մարիամ մի կարծեք
Բոլոր անմարդ հղիներին մեղսավոր,
Թե հավի պես առանց աքլոր են ածել՝
ՈՒրեմն այլ գգվանքների են սովոր…
Բայց մեզ, ախր, ուրի՜շ տենչեր հղեցան՝
Լույսով հույսի ու հավատի՝ ի սեր Հոր…
Գուրգուրեցինք, փայփայեցինք, մեծացա՜վ՝
Դարձավ մի փոս մեռելաթաղ՝ մու՛թ ու խո՛ր։
ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿ
Հեռվից նայում եմ՝
Ի՜նչ պուճուր ես
Քո ցամաքներով ու ծովերով.
Մի բուռ հող ես ու մի կում ջուր ես,
Խյուս ես՝ Արևի այրող սիրով…
Քեզ թևութիկունք մեկը չունես,
Ոտատակ տալիս ու խոցում են.
Հիմա ո՞նց փրկեմ, փոքրի՛կս,
Քեզ Տաշու՛մ են, Քերթու՛մ, Սղոցու՛մ են…
Լսու՞մ ես՝ Աստղերը երկնքից չտանես,
Մարում է կրակը թևերիս:
Մոտ կգաս գիշերով, Շորերդ կհանես,
Մնացածը գիտես, Սիրելիս:
Մեկը կար,
Ասում էր՝ Խփել ու կերել են
Սիրո ակը հսկող դևերիս –
Հիմի չարն ու բարին Հարվել ու մերվել են
Սրտիս տաք ափերում, Սիրելիս,
Գիտեի՞ր, որ արդեն Հեռուները հանել են,
Մոտերն են մնացել աներիզ –
Փոխվել են բառերի՝
Տողերիս թառել են,
Միայն դու ես հեռվում, Սիրելիս: