Քվեատուփերն ունեն անցքեր, ոչ թե ճեղքեր. ընտրախախտումների մասին տեղեկությունները հերքում են
Այս պահի դրությամբ ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծությունների կենտրոնում ստուգել են ընտրախախտումների մասին հիսուն տեղեկատվություն: Այս մասին լրագրողներին հայտնեց ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ վաղ առավոտից լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ավանի 1/6 ընտրատեղամասի քվեատուփը ճեղք ունի: Սակայն Հովհաննիսյանը բացատրեց, որ բոլոր քվեատուփերն ունեն անցքեր, ոչ թե ճեղքեր:
Տեղեկություն է տարավծել, որ 37/7 ընտրատեղամսում նախագահի մեկ թեկնածուն երկու վստահված անձ է ունեցել, սակայն այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տեղեկությունը հերքել է: 39/2 ընտրատեղամասում լցոնման մասին է ահազանգ եղել, սակայն տեղամասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ իրենց մոտ լցոնում չկա: ՛՛Մի կին ցանկացել է քվեարկել իր հիվանդ մոր փոխարեն, ինչը կանխվել է՛՛,-ասաց Հովհաննիսյանը:
40/33 ընտրատեղամսում բաց քվեարկելու փորձ է եղել, ինչը կանխվել է:
Նունե Հովհաննիսյանն ընդգծեց, որ շատ գրառումներ կան այն մասին, որ տարբեր ընտրատեղամասերում կուտակումներ են եղել, իրենք կապվել են ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամների հետ ու հորդորել խուսափել կուտակումներից: