Henaran.am-ի բացառիկ ռեպորտաժը կալանավայրից /ֆոտո, վիդեո/
Թիվ 13/40 տեղամասային ընտրական կենտրոնը տեղակայված է “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգի, այստեղ քվեարկությունը սկսվել է ժամը 10-ից եւ ավարտվելու է ժամը 20.00-ին:
Ժամը 13:00-ի դրությամբ արդեն քաղաքացիական պարտքը կատարել էր 325 մարդ: 13/40 ՏԸՀ նախագահ Վահան Գեւորգյանն առաջին անգամ է, որ հանձնաժողովի նախագահ է լինում, այն էլ այստեղ: Իր խոսքով` հանձնաժողովի անդամ շատ է եղել:
“Արտառոց ոչինչ չկա, խոչընդոտող հանգամանքներ չկան, գալիս են հերթով խուց առ խուց, քվեարկում` գնում”,-ասաց հանձնաժողովի նախագահը Henaran.am-ի հետ զրույցում: “Վերցրեք, մտեք էնդեղ, քվեարկեք ու դուրս եկեք”,-բացատրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները:
Սմբատ Մարտիրոսյանը մոտ մեկ տարի այստեղ է: Խարդախության հոդվածով է մեղադրվում”: Մասնակցել է նաեւ 2012թ. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով քվեարկությանը:
“Քվեարկել եմ այնպիսի մարդու օգտին, որ գիտեմ փոփոխություններ է անելու հենց կալանավայրերի մասով, որ մարդիկ դրսում ավելի շատ օգուտ կտան, քան ստեղ են”,-ասաց Սմբատը:
Հրայր Հունանյանը 6-րդ ամիսն այստեղ է: Քվեարկել է նրան, ում ճիշտ է համարել: “Սաղիս սպասումը համաներումն է”,-ասաց: “Քննարկում էդպես չի եղել, խոսացել ենք ընկերներով եւ քվեարկել այն մարդուն, որ տեսնում ենք մտածում ա երկրի մասին, քվեարկել եմ արդարության համար”,-ասաց Հրայրը:
Ի դեպ, Henaran.am-ի հետ զրույցում քրեակատարողական հաստատություններում քվեարկողները զարմացան Henaran.am-ի այն հարցից, թե նրանց ուղղորդել կամ ստիպե՞լ են` ում ընտրել: “Ինչ ստիպել, էս որ դարն ա, մեր իրավունքները մենք գիտենք”,-ասացին:
Քվեարկության մանրամասները` տեսանյութում:
Henaran.am-ը շնորհակալություն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանին` աջակցության համար: