ԿԸՀ նախագահը կոչ է անում արհեստական միջամտությունը դադարեցնել
՛՛Դրոշմակնիքը նախ առաջինը՝ լրացուցիչ գործիք է, կան ավելի արմատական գործիքներ: Երբ անձը գալիս է տեղամաս, գրվում են նրա տվյալները, լրացվում է անձնագրի համարը, հետո նոր դրոշմակնիքը:
Եթե որևէ մեկի մտքով անցնում է կրկնակի անգամ գալ ընտրատեղամաս և քվեարկել, ապա հենց արդեն այս փուլում դա հնարավոր չէ, անձնագրի համարն արդեն իրենց մոտ լինելու է՛՛,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՆ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով այն լուրերը, որ անձնագրում եղած դրոշմակնիքը հնարավոր է ջնջել խոնավ անձեռոցիկի միջոցով:
Մուկուչյանը նշեց, որ թանաքանյութը բազմիցս է փորձարկվել և այսօր ևս փորձարկումները ցույց են տվել, որ կնիքն ինքն իրեն չի անհետանում, արհեստականորեն միջամտության մասին են բողոքները: ՛՛Ոստիկանությունն արդեն համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ, անձնագրի միջից ոչ միայն այս դրոշմակնիքը, այլև ցանկացած այլ տվյալ արգելվում է ուղղակի ջնջելով հեռացնել, հակառակ դեպքում կարելի է օրինակ՝ հաշվառման վայրը ջնջել՛՛,-հավելեց ԿԸՀ նախագահը:
Մուկուչյանը պատմեց, որ ինքն էլ է այսօր մասնակցել քվեարկության, սակայն չցանկացավ ասել, թե հանուն ինչի է քվեարկել:
Անդրադառնակով սոցիալական ցանցերում հայտնված տարբեր քվեաթերթիկների լուսանկարներին, որոնք ծաղրում են նախագահի թեկնածուներին ու ընտրությունը՝ ԿԸՀ նախագահը նկատեց. ՛՛Սեփական քվեաթերթիկը չի կարելի նկարահանել: Սա ինքնին արդեն խոսում է տվյալ անձի ոչ օրինապաշտ պահվածքի մասին: Բոլոր արձանագրված թերացումները մանրակրկիտ ուսումանսիրվելու են, կատարվելու են համապատասխան եզրահանգումներ՛՛: