Բերման կենթարկեն
Այսօր՝ մարտի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բերման ենթարկել Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանին:
Դատավորի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու գործով ամբաստանյալ Գոռ Վարդանյանը չէր ներկայացել այսօրվա դատական նիստին:
Նշենք, որ նախորդ դատական նիստում դատարանը բավարարել էր մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանի միջնորդությունը` մեկ ամսով հետաձգել դատաքննությունը:
Հիշեցնենք, 2015թ. փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Խուզարկությունը կատարվել է Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության գործով մեղադրվում է Իսրայել Սարգսյանը, ով առավել հայտնի է Իսո մականվամբ: Նա ներկայացվել է որպես «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ:
Գոռ Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ այդ զինամթերքն օգտագործել է ֆիլմ նկարահանելու համար: Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը նվիրված է Ղարաբաղյան հերոսամարտի 20-ամյակին: