Ամուսնալուծություն` անլուծելի հարաբերություն. 17 603 զույգ մեկ տարում
2015 թվականին մեր երկրում ամուսնալուծվել է 17 603 զույգ: Ի՞նչն է դրդում զույգերին բաժանվել: Թեմայի շուրջ Henaran.am-ը զրուցել է հոգեբան Նարինե Պետրոսյանի հետ:
«Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ մարդիկ այսօր չունեն համբերություն, չեն հարմարվում: Ամուսնությունը շատ լուրջ ինստիտուտ է մի քանի ամսում կառուցելու կամ քանդելու համար: Հարկավոր է այս հանգամանքը գիտակցել, հասկանալ: Զույգերը տարբերակներ չեն փնտրում հարցը լուծելու համար: Ահա այս պատճառներով են ամուսնալուծություններն ի հայտ գալիս», – պարզաբանեց հոգեբանը:
Մասնագետն ընդգծեց, որ երբ զույգերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ, որոշ մարդիկ կարծում են, թե բոլոր դեպքերում կինը պիտի փոխզիջումների գնա. դա սխալ մոտեցում է: «Եթե զույգերն ունեն խնդիրներ, հարկավոր է դիմել հոգեբանական ծառայության: Մեր երկրում բավականին լավ մասնագետներ կան: Ընդ որում, պիտի ասեմ, որ հոգեբանի կարելի է դիմել դեռ այն ժամանակ, երբ զուգընկերները դեռ ամուսնացած էլ չեն:
Այսինքն՝ եթե կան խնդիրներ ու հարկ է հասկանալ այդ խնդրի պատճառները, ցանկալի է, որ հարցերը հնարավորինս շուտ լուծվեն ու հստակեցվեն: Կախված մարդու խառնվածքից՝ յուրաքանչյուրին համապատասխանում է իր տեսակը»:
Հոգեբանը խորհուրդ տվեց զուգընկեր ընտրելիս հաշվի առնել մի կարևոր հանգամանք. որքանով է տվյալ մարդը հուսալի: «Եթե կա մեկը, ով համապատասխանում է քեզ խառնվածքով, ֆիզիկապես, և նա կարող է քեզ սատար լինել ամեն պահի ու հուսալի է, ուրեմն այդպիսի մարդու հետ, բնականաբար, հնարավոր է անցնել կյանքի դժվարին ուղիներով»:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2015-ին ամուսնալուծությունները 2014-ի համեմատ՝ նվազել են 6.9 տոկոսով: