Բագրատյանը հոռետես է դարձել /ֆոտո, վիդեո/
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը քիչ առաջ Երեւանի Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցում` թիվ 4/27 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը: Բագրատյանն ընտրատեղամաս էր եկել կնոջ և դստեր հետ: Ընտրությունն անելուց հետո Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որը տարբերվում է վերջին տարիներին ունեցած Հայաստանից: ”Այդ Հայաստանը բոլորովին սպառել է իրեն և չի կարող զարգանալ, առաջ քնալ”,-ասաց թեկնածուն:
Բագրատյանը նշեց, որ իրենք տեղեկություններ ունեն այն մասին, որ ընտրակաշառք է բաժանվում և տարբեր տեսակի խախտումներ են արվում: ”Ստեփանավանից, այլ քաղաքներից բերում են լրացուցիչ ցուցակներով քվեարկելու: Հանրապետության հյուսիսում են ընտրակաշառք բաժանել”: Թեկնածուն հավելեց, որ իրենք բոլոր խախտումների մասին տեղեկացնում են ոստիկանությանը:
Հարցին, թե ինչ է անելու Հրանտ Բագրատյանը պարտության դեպքում, պատասխանեց. ”Չեմ կարծում, որ ընդհանրապես կարող է լինել պարտություն, որովհետև ճիշտն ասած` մինչև երեք-չորս օր առաջ ավելի օպտիմիստ էի, բայց եղան ընտրակաշառքներ, որոնք տեսնում ենք: Թող արդար ընտրություն լիներ, ով ուզում էր հաղթեր: Կարևորը, որ գնացքը գցես իր ճանապարհի մեջ”: Նախագահի թեկնածուն հայտնեց, որ չգիտի, թե ինչ հետընտրական զարգացումներ կլինեն, սակայն գիշերվանից այդ մասին է մտածում:
Բագրատյանի խոսքով` իր ընտրազանգվածը հիմնականում ինտելեկտուալ զանգվածն է, քիչ ռոմանտիկ: Նրանց թվում, սակայն, քիչ են երիտասարդներն ու ազգայնական թևի ներկայացուիչները: