Միայն այդ ժամանակ աղոթելիս մեղքերդ կներվեն
Ով վրեժ առնի, Տիրոջից վրեժխնդրություն կգտնի եւ Տերը խստորեն պահպանելով կպահպանի նրա մեղքերը: Ներիր քո եղբոր անիրավությունը, եւ միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն:
Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում: Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար: Ինքը եւս մարմին է, բայց ոխ է պահում: Ով քավություն կտա նրա մեղքերին:
Հիշիր քո վախճանը եւ դադարիր թշնամություն անելուց, հիշիր ապականացու լինելդ եւ մահդ եւ մնա պատվիրանների մեջ: Հիշիր պատվիրանները եւ ոխ մի պահիր մերձավորիդ հանդեպ, հիշիր Բարձրյալի ուխտը եւ արհամարհիր տգիտությունը:
Հեռու մնա վեճից եւ դու կնվազեցնես մեղքերդ, քանզի զայրացած մարդը կռիվ է բորբոքում, մեղավոր մարդը գժտեցնում է իր բարեկամներին եւ նրանց մեջ, ովքեր խաղաղությամբ են ապրում, բանսարկություն է գցում:
Կրակը վառվում է ըստ իրեն սնող նյութի, իսկ կռիվն էլ բորբոքվում է ըստ նրան գրգռող սաստկության, մարդու զայրույթը լինում է ըստ նրա զորության, եւ ըստ նրա հարստության սաստկանում է նրա բարկությունը:
Անզիջում հակառակությունը կրակ է բորբոքում, եւ անզիջում կռիվը արյուն է հեղում:
Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի, եւ եթե նրա վրա թքես, կմարի, այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս: Քսուն եւ երկերեսանին թող անիծվեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանվեցին: