Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը՝ Գյումրիի տնակային ավանում (ֆոտո)
Նախօրեին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Գյումրիի տնակային ավաներից մեկում հանդես է եկել բացօթյա բարեգործական համերգով, որին շտապել են ունկընդրելու ոչ միայն գյումրեցի այլ նաեւ երեւանցի եւ հարակից բնակավայրերի բնակիչները:
«Ամոթ է, որ այս մարդիկ արդեն 30 տարի տնակներում են ապրում: Համերգին կատարեցի և հին, և նոր ստեղծագործություններ: Սկզբում ցանկանում էի միայն նոր ստեղծագործություններ կատարել կապված այն գաղափարի հետ, որ մեր նպատակն է նոր բնակարաններ գնել վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին: Բայց այս տարածքը, բնությունը ստիպեց, որ հենց այս ծրագրով հանդես գամ»,- բարեգործական համերգից հետո ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասել է Տիգրան Համասյանը:
Նշենք, որ դաշնակահարը Գյումրիում հանդես է եկել բարեգործական համերգով՝ ի աջակցություն Գյումրու անօթևան ընտանիքների: Երկրաշարժից 28 տարի անց Գյումրիում դեռ ավելի քան 3000 ընտանիք ապրում է վագոն-տնակներում եւ այդ կաակցությամբ ընտանիքներին օգնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել:
Նախատեսվում է, որ մինչև մարտի 15-ը պետք է հավաքագրվի 190 հազար դոլար, որի արդյունքում կազմակերպիչները այդ գումարով կգնենք 13 բնակարան անօթեւան ընտանիք նվիրաբերելու համար:
Համերգից հետո Գյումրու քաղաքապետի տեղակալը Տիգրան Համասյանին պարգեւատրեց քաղաքապետի ոսկե մեդալով։
Ավելի ուշ Գյումրու Ազպարեզ մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր Ֆեսբուկյան էջում հանդես եկավ «Ոչ պաշտոնական հաշվետվությամբ».
Փետրվարի 27-ին Գյումրիում աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգի ընթացքում իրականացված հանգանակության արդյունքում հավաքվել է.
546.110 դրամ՝ տուփում
500.000 դրամ՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանի ընտանիքից, ավելի ուշ, իմանալով տուփի պարունակությունը, Բալասանյանների ընտանիքը 46.000 դրամ ավելացրեց իր նվիրատվությանը, փաստացի կրկնապատկելով տուփում հանգանակված գումարը,
500.000 դրամ Հայկ Մարությանից (Կարգին Հայկո)
120.000 դրամ փոխանցվել է բանկային հաշվեհամարներից մեկին՝ տարբեր անձանցից (մանրամասները՝ ավելի ուշ)
150.000 դրամ՝ ՀՀ գյուղնախարար Ս.Կարապետյանից
200$, Լարիսա Մինասյանից
1մլն դրամ խոստացել է երկուշաբթի փոխանցել Գյումրու էլցանցի տնօրեն Ֆարզադյանը։
Այլ փոխանցումների մասին պարզ կլինի երկուշաբթի։
Հանգանակության մանրամասները կազմակերպիչները կհրապարակեն ավելի ուշ։