Նոր աշխատատեղեր Կապանում
Խորհրդային միության տարիներին տեքստիլ արդյունաբերության առաջատարներից մեկը՝ Կապանի տրիկոտաժի արտադրական ֆաբրիկան սկսել է աշխատել: Այն այժմ “Սոնատեքս” ՓԲ ընկերություն է, եւ արտադրում է մանկական եւ մեծահասակների հագուստ՝ շապիկներ, բամբակյա ներքնազգեստ, համազգեստ, վերնազգեստ եւ այլն: Իրացման խնդիր ձեռնարկությունը չունի, քանի որ պատվերով է աշխատում:
Չնայած այսօր ընկերությունում աշխատում են 72 մարդ, հիմնականում կանայք, սակայն մինչեւ տարեվերջ նրանց թիվը կհասնի 500-ի: Սա հնարավորություն կդառնա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աջակցությամբ ցածր տոկոսադրույքով ձեռք բերված խոշոր վարկի արդյունքում:
Ընկերության խորհրդի նախագահ Դերենիկ Մարգարյանի եւ գործադիր տնօրեն Արմեն Մարգարյանի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետն օրերս եղավ ընկերությունում, ծանոթացավ ձեռնարկության արտադրական հնարավորություններին, արտադրանքին, հետեւեց արտադրական գործընթացներին, ծանոթացավ ֆաբրիկայի նոր արտադրամասերի վերագործարկման հեռանկարներով:
“Մեր նպատակը կապանցի կանանց համար նոր աշխատատեղեր ստեղծելն է: Մինչեւ մարտի կեսերը “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ –ում կյանքի կկոչենք մի ծրագիր, որը եւս հնարավորություն կտա բացելու նոր աշխատատեղեր եւ Կապանում հնարավորինս նվազեցնելու գործազրկության մակարդակը”, – լրագրողներին ասել է Սյունիքի մարզպետը: