Խելագար սիրո թակարդում
2012թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում Գավառ քաղաքի բնակչուհուց ստացվել է տագնապալից ահազանգ այն մասին, որ իրենց տուն ապօրինի մուտք գործած անձը փորձում է առևանգել իրեն: Ոստիկանները, բնականաբար, շտապել են դեպքի վայր, ու չեն ուշացել: Իսկ հետագայում արդեն, կատարված նախաքննության արդյունքում, պարզվել են կատարվածի հանգամանքները:
Գավառ քաղաքի բնակիչ Ռազմիկ Սայադյանն, ըստ վերջինիս առաջադրված մեղադրանքի, Գավառ քաղաքի բնակչուհի Արևիկ Հովեյանին ամուսնության նպատակով առևանգելու համար 2012թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 07:30-ի սահմաններում, գնացել է նրա բնակարան և Ա. Հովեյանից պահանջել դուրս գալ տնից՝ հայտարարելով, որ եկել է նրան իր հետ տանելու:
Սակայն լսելով Արևիկ Հովեյանի մերժումը, մտել է նրա բնակարանին կից անասնագոմ և այնտեղից վերցնելով մետաղյա խողովակ, բռնություն գործադրելու սպառնալիքով ասել, որ եթե Ա. Հովեյանն իր հետ ինքնակամ չգնա, ապա նրան, նրա կամքին հակառակ կտանի իր հետ, հակառակ դեպքում կսպանի նրան:
Այնուհետև ուրիշի բնակարան ապօրինի մուտք գործելու և Արևիկ Հովեյանին բացահայտ առևանգելու նպատակով, երկաթյա խողովակով կոտրել է բնակարանի խոհանոցի պատուհանի և մուտքի դռան ապակիները, ոտքով հարվածելով բացել է բնակարանի մուտքի դուռը և մտել նրանց բնակարանի միջանցք:
Արևիկ Հովեյանն ու նրա մայրը պաշտպանվելու նպատակով մտել են բնակարանի հյուրասենյակ և փակել դուռը, որի ընթացքում կատարվածի մասին ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Ռ. Սայադյանն այդ ժամանակ հյուրասենյակի դռանը հարվածելով, փորձել է մուտք գործել բնակարանի հյուրասենյակ, որպեսզի Արևիկ Հովեյանին, սպանության սպառնալիքով ու նրա կամքին հակառակ, ամուսնության նպատակով բացահայտ առևանգի:
Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ Ա. Հովեյանի ահազանգի հիման վրա նրանց տուն են գնացել ոստիկանության աշխատակիցները, և բռնելով Ռ. Սայադյանին, բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին:
Հիշյալ արարքի համար Ռազմիկ Սայադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 31-131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 2-րդ մասով:
Աղբյուրը` “Փաստինֆո”