Հարության փետրվարի 20 /վիդեո/
1988 թ-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ սահմանադրության, դիմել է Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: ՀԽՍՀ-ում սկսվել են արցախահայության հետ համերաշխության ելույթներ և ԽՍՀՄ-ում աննախադեպ՝ մինչև կեսմիլիոնանոց հանրահավաքներ ու ցույցեր (առաջին կազմակերպիչներից էր տնտեսագետ Իգոր Մուրադյանը): Այդ շարժմանն աջակցել են ճանաչված մտավորականներ Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Սերո Խանզադյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վիկտոր Համբարձումյանը և ուրիշներ:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀԽՍՀ ղեկավարությունը (Գրիգոր Հարությունյանը՝ 1945 թ-ին, Անտոն Քոչինյանը և Գրիգոր Արզումանյանը՝ 1966 թ-ին) և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը (1956 թ-ին) պարբերաբար դիմել են ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով: Մասնավորապես, 1946–48 թթ-ի մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿ(բ)Կ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել է ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով լուծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու հարցը:
Ի սկզբանե Կենտրոնի դիրքորոշումը Ղարաբաղյան շարժման նկատմամբ բացասական էր. ազգային շարժումը կարող էր տարածվել նաև Միության մյուս հանրապետություններում, և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն փետրվարի 21-ի որոշումով արցախահայության պահանջը բնութագրել է «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» սադրանք: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները, Կենտրոնի թողտվությամբ, փետրվարի 27–29-ը Սումգայիթ քաղաքում (Բաքվից 25 կմ հյուսիս) կազմակերպել են հայ ազգաբնակչության ջարդ: Ադրբեջանի դատախազության տվյալներով՝ զոհվել է 27 հայ: Իրականում, սակայն, տանջամահ է արվել շուրջ 100 և վիրավորվել 300 հայ: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտցված խորհրդային զորքը միայն գիշերն է դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա կոտորածը:
Կրեմլը Ղարաբաղյան հիմնախնդիրը փորձել է լուծել զուտ որպես սոցիալ-տնտեսական խնդիր. 1988 թ-ի մարտի 24-ին ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ին տրամադրվել է 400 մլն ռուբլի գումար, որը, սակայն, Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործել է հիմնականում ադրբեջանական բնակավայրերի զարգացման նպատակով:
Ղարաբաղյան շարժման առաջին օրերից ՀԽՍՀ ղեկավարությունը չի կարողացել ազդել իրադարձությունների ընթացքի վրա. 1988 թ-ի մայիսին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին փոխարինած Սուրեն Հարությունյանին նույնպես չի հաջողվել շարժումն ուղղորդել Կենտրոնի համար ցանկալի հուն:
1988 թ-ի փետրվարին ՀԽՍՀ-ում և Արցախում շարժումը ղեկավարելու և համակարգելու նպատակով Երևանում ստեղծվել է Կազմկոմիտե, իսկ մարտի սկզբին՝ Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ՝ «Ղարաբաղ» կոմիտեն, հանրապետության քաղաքներում և շրջաններում՝ տեղական «Ղարաբաղ» կոմիտեներ, իսկ ԼՂԻՄ-ում՝ «Կռունկ» կոմիտեն և «Միացում» կազմակերպությունը, որոնք էլ կազմակերպչական նոր ձև են տվել շարժմանը:
1988 թ-ի մարտին խորհրդային բանակի զորամասեր են մտցվել նաև Երևան, հայտարարվել է պարետային ժամ: 1988 թ-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ն, հակառակ կենտրոնական իշխանությունների դիրքորոշման, ժողովրդի ճնշմամբ, ընդառաջելով ԼՂԻՄ-ի մարզխորհրդի դիմումին, համաձայնություն է տվել մարզը ՀԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելուն և այդ հարցը լուծելու խնդրանքով դիմել է ԽՍՀՄ ԳԽ:
1988 թ-ի հուլիսի 18-ին Մոսկվայում հրավիրվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստ, որին մասնակցել են նաև Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների ու ԼՂԻՄ-ի ներկայացուցիչները (ՀԽՍՀ-ից՝ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Համբարձումյանը, Վարդգես Պետրոսյանը, Հենրիկ Իգիթյանը, ԼՂԻՄ-ից՝ Հենրիկ Պողոսյանը): Խնդրանքը մերժվել է:
Ադրբեջանում սպառնալիքի տակ է դրվել հայ բնակչության ֆիզիկական գոյությունը: 1988 թ-ի գարնանը Կիրովաբադից (Գյանջա), Բաքվից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից հայ բնակչությանն արտաքսել են. բռնագաղթն ուղեկցվել է սպանություններով և կողոպուտով: 1988 թ-ի մարտ-դեկտեմբեր ամիսներին շուրջ 200 հզ. հայ հանգրվանել է Խորհրդային Հայաստանում, մի մասն էլ ապաստանել է ԽՍՀՄ տարբեր վայրերում, հատկապես Հյուսիսային Կովկասում:
Այդ նույն ժամանակ հայաստանաբնակ ադրբեջանցիներին կազմակերպված տեղափոխել են Ադրբեջան:
Ղարաբաղյան շարժումը չթուլացավ անգամ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Ի պաշտպանություն ԼՂԻՄ-ի ինքնորոշման իրավունքի՝ հանդես եկան աշխարհահռչակ ֆիզիկոս Անդրեյ Սախարովը, նրա կինը՝ Ելենա Բոնները, ազգագրագետ Գալինա Ստարովոյտովան, բանաստեղծ Միխայիլ Դուդինը, գրող Անդրեյ Նույկինը և ուրիշներ:
1991 թ-ի մայիս-հունիսից մարզում սկսվել է հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմ: Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաև խորհրդային բանակում հմտացած գեներալներ Գուրգեն Դալիբալթայանը, Քրիստափոր Իվանյանը, Նորատ Տեր-Գրիգորյանը, Անատոլի Զինևիչը, Հրաչյա Անդրեասյանը և ուրիշներ: Զգալի ներդրում ունեն Արցախի և Հայաստանի կամավորական ջոկատներն ու 5-րդ կամավորական զորամիավորումը:
1991 թ-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Այն ամրապնդվել է նույն թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով. Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգայնացվեց 1992 թ-ից հետո:
1992 թ-ի մարտի 24-ին ԵԱՀԽ-ն ընդունել է որոշում Մինսկում կազմակերպվելիք խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու մասին: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 4 բանաձև է ընդունել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կոչ արել դադարեցնել պատերազմը: Ադրբեջանը, սակայն, ոչ միայն խափանել է հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերը, այլև պաշտոնապես մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սաստկացրել ռազմական գործողությունները ողջ ռազմաճակատի երկարությամբ:
Պատերազմի ընթացքում ազատագրվել է 12,4 հզ. կմ2 տարածք, և ԼՂՀ-ի շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, սակայն Ադրբեջանը ռազմակալել է Հյուսիսային Արցախը՝ ԼՂՀ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների արևելյան մասերը:
Զինադադարի կնքումով սկսվել է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ մինչև օրս ձգձգվող դիվանագիտական ու քաղաքական լարված պայքարը՝ բանակցությունների սեղանի շուրջ:
Զինադադարից հետո շարունակաբար կատարելագործվում է ԼՂՀ պաշտպանական համակարգը, ստեղծվում են հակառակորդի հնարավոր գործողությունները չեզոքացնելու առավել արդյունավետ միջոցներ: Փորձագետների գնահատմամբ՝ ՊԲ-ն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ի զորու է պաշտպանելու ԼՂՀ անվտանգությունը և Ադրբեջանի ոտնձգությունները զսպող գործոն է:
ԼՂՀ անկախության ճանաչումը պետական մակարդակով հետամտում են ՀՀ ու ԼՂՀ իշխանությունները՝ միջազգային բանակցություններում: