Անառակի կիրակի
Մեծ պահքի երրորդ կիրակին ունի արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Անառակի կիրակի»: Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ Հայրն Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ՝ գտնելու Իր կորուսյալ պատկերը՝ մարդկային բնությունը, և մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն: Եվ Աստծու Որդին, ավլելով Իր տունը՝ մեղսալից աշխարհը, գտավ կորուսյալ դրամը՝ մոլորված ոչխարին, այսինքն՝ մարդուն, և նրան Իր ուսերի վրա դնելով, որտեղ խաչն էր՝ հանեց երկինք:
Անցյալ կիրակիներից հայտնի է, որ առաջին կիրակիի ընթերցումները սպառնալիքներ էին Տիրոջ կողմից՝ ասված Եսայի մարգարեի ու առաքյալների միջոցով, իսկ երկրորդինը՝ համակ հանձնառություն և աղերսանք: Իսկ այս կիրակի Տիրոջ անունից հայտնություն է տրվում հնազանդվածներին՝ ուշք դարձնելով մեր Տիրոջ հարության մեծ օրվան, թե ինչպես մոր որովայնում, այնպես էլ պահքի արգանդում կարող ենք սրտով աչալուրջ լինել ահավոր Քահանայապետի առջև:
ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ (Ղուկ. ԺԵ 11-32)
Մեր Տերը, հաստատելով լսողների միտքը նրանում, որ երկնքում ուրախություն է լինում յուրաքանչյուր ապաշխարողի համար, մեզ հորդորում է ապաշխարել՝ պատմելով այս առակը. «Մի մարդ երկու որդի ուներ» (Ղուկ. ԺԵ 11): «Մի մարդ» ասելով Աստված Իրեն մարդ է կոչում, ինչպես մեկ այլ առակում Իրեն հովիվ կոչեց, իսկ հրեշտակներին ու մարդկանց ոչխարներ (տե՜ս Ղուկ. ԺԵ 3-7), և սրանով ամենակալ Հայրը բարձրությունից դեպի մեզ է խոնարհվում: Ադամն այդ առակում հարյուր ոչխարներից մեկն էր, ում Տերը գտնելով դրեց Իր ուսերի վրա, որտեղ և խաչն էր, տարավ ու խառնեց Իր հոտին: Իսկ «Տասը դրամների» առակում (տե՜ս Ղուկ. ԺԵ 8-10) Իրեն «կին» է կոչում Իր արարածների նկատմամբ ունեցած առատ գթության պատճառով: Այստեղ կորած դրամը մարդկային ցեղն է, իսկ մնացած ինը դրամները՝ հրեշտակների ինը դասերը:
Ասելով, թե «ճրագ վառեց»՝ հայտնում է, որ Իր Մարմինը վառեց աստվածային լույսով: Տունն ավլելով՝ մաքրեց ողջ աշխարհը, գտավ Իր կորսված պատկերը և ուրախացավ մարդկային ցեղի վերականգնման համար: Իսկ այս առակում մարդուն առանձնահատուկ պատվի է արժանացնում՝ Աստծու որդի անվանելով: «Երկու որդի» ասելով ի նկատի ունի հրեշտակներին և մարդկանց, քանզի որդիները կրում են իրենց հոր պատկերը, և էականներից միայն սրանք էին կրում Հոր պատկերը՝ լինելով անձնիշխան և իմացական, ինչպես Աստված: Այս պատճառով էլ Տերը մեզ հրամայեց կանչել. «Հայր մեր, որ երկնքում ես…»:
Աստված մեր Հայրն է. նախ՝ որովհետև ստեղծեց մեզ՝ ըստ այս խոսքի. «Մի՞թե Նա այն Հայրը չէ, որ քեզ շահեց, քեզ արարեց ու հաստատեց» (Բ Օրենք ԼԲ 6), ապա՝ որովհետև մկրտության շնորհով մեզ Իրեն որդի դարձրեց՝ ըստ այս խոսքի. «Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր» (Գաղատ. Դ 6): «Նրանցից կրտսերը հորն ասաց»: Այստեղ կրտսեր որդին մարդն է: Նախ՝ ժամանակային առումով, քանզի հրեշտակներն արարչության առաջին օրը լույսի հետ արարվեցին, ինչ պատճառով կոչվում են երեց և ծեր, իսկ մարդիկ՝ միայն վեցերորդ օրը:
Երկրորդ՝ հրեշտակներն ավելի պատվական են բնությամբ, քան մարդիկ՝ ըստ այս խոսքի. «Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան և փառք ու պատվով պսակեցիր» (Սաղմ. Ը 6): «Հա՜յր, տո՜ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Կրտսերը խնդրեց իր բաժինը, քանզի կամեցավ իր կամքով ապրել և ոչ թե հոր հրամաններով:
«Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց»: Ամեն էակ գոյանալով՝ իր բաժինն է ստանում Աստծուց: Աստված Իր բանական որդիների մեջ բաժանեց Իր տունը՝ տալով հրեշտակներին վերին երկինքը, քանզի բարձր են բնությամբ և անմարմին լինելով՝ Աստծուն ավելի մոտիկ: Իսկ մարդուն տվեց Դրախտը, որը երկրի և երկնքի միջև է, քանզի մարդը գտնվում է անմահության և մահվան միջև: Ապա մարդուն լցրեց Սուրբ Հոգով, զարդարեց մարգարեությամբ, սկզբնական արդարությամբ և վառեց Իր սիրով:
«Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ»: Դժվար է մարդու համար մեղք գործել, երբ միշտ իր աչքի առջև, մտքում ու խորհուրդներում Աստծուն ունի: Իսկ երբ մտքով հեռանում է և երես դարձնում Նրանից, ապա համարձակորեն մեղքեր է գործում:
Մարդը երկար չմնաց Դրախտում, այլ Աստծու պատվիրաններից անցնելուն պես արտաքսվեց և գնաց անասունների համար նախատեսված աշխարհը: Չկա Աստծուց հեռու որևէ տեղ, այլ մահացու մեղքն է մարդուն հեռացնում Նրանից, քանզի Աստված ամենուր մեզ հետ է՝ ըստ այս խոսքի. «Ես մերձավոր Աստված եմ և ոչ թե հեռավոր» (Երեմ. ԻԳ 23), և՝ «Ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև» (Եսայի ԾԹ 2):
«Այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում»:
Ունեցվածքի վատնելն աստվածային շնորհներից զրկվելն է: Ադամը դեռևս Դրախտում կորցրեց իր սկզբնական արդարությունը, որն անմեղության պատմուճանն է, ապա՝ Աստծու սերը, օրհնությունը, Նրա ներկայությունը, ինչպես նաև՝ իշխանությունը գազանների վրա և վերջապես՝ Դրախտը: Դրախտից ելնելուց հետո էլ դեռևս որոշ ժամանակ Սուրբ Հոգու շնորհները մարդու հետ էր, որը պետք է պահեր մաքուր վարքով, ինչպես պահեցին Աբելը, Ենովսը, Ենոքը և Նոյը: Սակայն մարդն անառակությամբ սա էլ վատնեց, դարձավ թշվառական և թափուր գտնվեց Հոգու բոլոր պարգևներից:
«Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ»: «Սաստիկ սով» ասելով պետք է հասկանալ հոգու սովը, որն աստվածային գիտության և առաքինի վարքի պակասությունն է: Ինչպես մարգարեն է ասում. «Ահա օրեր պիտի գան, -ասում է Տեր Աստվածը, -և Ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով» (Ամոս Ը 11): Որքան մեծ է հոգին մարմնից, այնքան մեծ է հոգու քաղցը մարմնականից:
«Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին»: Աստծուց հեռացողները դևերին են ընկեր դառնում, քանզի այդ աշխարհի քաղաքացիները դևերն էին, իսկ իշխանը՝ սատանան՝ ըստ այս խոսքի. «Գալիս է աշխարհի իշխանը» (Հովհ. ԺԴ 30): Եվ դևերը, մարդուն Աստծուց օտարացնելով, նրան լցնում են խավարով, տգիտությամբ ու ախտերով, ապա ծառա դարձնում և Աստծու փոխարեն իրենց են պաշտել տալիս: Դրանից մեղավորը հասնում է մինչև չարության խորքերը ու ավելի սանձարձակ դառնում:
«Եվ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու»: Սատանան, կամենալով անարգել մարդուն, նրան ուղարկեց խոզեր արածեցնելու: Սատանայի ագարակն այն վայրն է, ուր կան ծառեր, որոնք երկնավոր Հայրը չտնկեց, և ուր կան խոզեր, որոնք տրորում են մարգարիտը: Նա խոզեր էր արածեցնում, այսինքն՝ այնպիսիներին, ովքեր մարմնական ցանկություններն են կատարում և թավալվում են մարդկային ախտի ժանտահոտության մեջ, նաև այնպիսիներին, ովքեր պիղծ հոգով են լցված և պարարտացնում են մարմինը, բայց ոչ՝ հոգին, քանզի խոզը բղջախոհների օրինակն է:
Դևերը մարդկանց մղում են բղջախոհության, որովհետև սա մարդկանց սրտերն ամբողջովին շրջում է Աստծու սիրուց: Սա է պատճառը, որ դևերն ավելի շատ բնակվում են բղջախոհների մեջ, քան մյուսների: Եվ այս պատճառով դևերը խնդրեցին Տիրոջից բնակվել խոզերի մեջ (տե՜ս Մատթ. Ը 31):
«Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս»: Բանական հոգին ցանկանում է վարդապետություն, թեկուզև ոչ բարի խոսքից, միայն թե լինի վարդապետական խոսք, այդ պատճառով էլ սատանայի տված կերակուրներով չի հագենում և որքան ուտում, այնքան ավելի է քաղցում և իր ցանկությունների մեջ հալվում ու մաշվում: Եղջերենու պտուղն ունի քաղցր համ և պարարտացնում է մարմինը, սակայն ուտելուց հետո պատճառ է դառնում որովայնի ցավի և աղիների խցանման, որով և այդ պտուղը նմանվում է մեղքին, որը նախ մեղրի նման ծորում է, իսկ հետո դառնանում օշինդրի պես: «Եվ ոչ ոք այդ նրան չէր տալիս»:
Հետինները խախտված ուսմունքը չեն ավանդում բարին փնտրողներին, որպեսզի չհանդիմանվեն: Խոզապետը, որը սատանան է, երբ տեսավ, որ անառակը թափուր գտնվեց բոլոր բարիքներից, լքեց նրան: «Ապա խելքի եկավ և ասաց»: Երբ դևը հեռանում է, դիվահարը զգաստանում է ու սկսում խորհել: Անառակը հաց էր ցանկանում, և երբ նրան եղջերենու պտուղ չտվեցին, հիշեց իր հոր տունը, որը լի էր հացով: Այսպես Աստծու նախախնամությամբ խոզապետը զլացավ եղջերենու պտուղ տալ անառակին և լքեց նրան, որից անառակը խելքի եկավ և իմացավ, թե փառքի ինչպիսի աստիճանից անարգության ինչպիսի աստիճան ընկավ. «Դրախտի պահապան էի, իսկ այժմ խոզերի պահապան եմ: Լինելով երկնավոր Հոր որդին՝ այժմ խոզերից վատթար եղա»:
Երեքն են, որ մարդուն ապուշացնում են՝ դևերը, մեղքերը և մարդկանց չարությունները, մանավանդ բղջախոհությունը: Երբ անառակը թևաթափ եղավ, Աստված նրան բանական սիրտ տվեց՝ տեսնելու իր թշվառությունը, և մարդու միտքը դեպի Աստված դարձավ:
Այսպիսով՝ մարդկային բնությունը, կռապաշտությամբ պոռնկանալով սատանայի հետ և զանազան պատիժներից նեղվելով, տեսնում է, որ հանգստություն չկա մեղքերում: «Քանի՛ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ»: Վարձկանները հրեշտակներն են, ովքեր որպես վարձ միշտ ունեն Աստծու տեսությունը և իրենց փառքը: Իսկ «առատ հաց ունենալը» նշանակում է, որ առատությամբ լցված են Աստծու շնորհներով:
«Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ՝ հա՜յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ»: Սա ևս Աստծու նախախնամությամբ է. չնայած որ դյուրությամբ ենք ընկնում մեղքի մեջ, սակայն առանց ուսանելու գտնում ենք ապաշխարության ճանապարհը: «Այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Մարդը մեղանչելով զրկվում է երկնային Հոր որդեգրությունից և սատանայի որդի դառնում՝ ըստ այս խոսքի. «Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել» (Հովհ. Ը 44):
Քրիստոս Իր ողորմությամբ մեզ հանձնարարեց Արարչին Հայր անվանել, այն դեպքում, երբ անգամ ծառա կոչվելու արժանի չենք: «Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց»: Ելավ մահաբեր քնից և խոր մեղքերի մեջ ընկած տեղից: Հայրը, հեռվից նրան տեսնելով, գթաց, քանզի տեսավ նրան մերկ, աղքատ ու ամոթահար: Նախ հա՜յրը տեսավ որդուն, ինչը ցույց է տալիս, թե երբ մեղավորն ամբողջ սրտով դառնում է Աստծուն, Աստված իսկույն սկսում է քաղցրությամբ նայել նրան:
«Վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան»: Երբ զղջմամբ դիմում ենք Աստծուն, Նա էլ մեզ է դիմում Իր շնորհներով: Որդին տակավին հեռու էր, որովհետև հանցանքներից դեռ չէր ձերբազատվել: Եվ քանի որ զղջալով շտապում էր հոր մոտ, հայրը տեսավ նրան, ընկավ նրա պարանոցով, որովհետև նա ազատվել էր սատանայի լծից, և նրան համբույր տվեց՝ խորհրդանշելով Իր միավորությունը որդու հետ:
«Որդին ասաց նրան. «Հա՜յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Անառակը խոնարհ մնաց անգամ մեծարանքները տեսնելուց հետո: Որքան մենք խոնարհում ենք մեր անձը, Աստված այնքան այն բարձրացնում է: Թեպետ Հայրը հիշաչար չէ և ներում է մեր մեղքերը, սակայն անառակը խոստովանում է իր հանցանքները, քանզի մարդը չպետք է մոռանա իր անիրավությունները: «Երկինք» ասելով Դրախտը նկատի ունի, որտեղ մարդը գործեց իր առաջին հանցանքը, և որից այսքան ապականություններ հեղվեցին մեր բնության վրա:
Ասում է նաև «Աստծու առջև», քանզի մեղքը գործվեց Տիրոջ ամենատես աչքի առջև: «Հայրն իր ծառաներին ասաց. «Անմիջապես հանեցե՜ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՜ք նրան, մատանին նրա մա՜տը դրեք և նրա ոտքերին՝ կոշիկներ»: Նա, ով մերկացավ անհնազանդությամբ, այժմ զգեստավորվում է հնազանդությամբ»: Երբ Ադամը Դրախտում մեղանչեց, կորցրեց իր պատմուճանը՝ սկզբնական արդարությունը՝ ըստ այս խոսքի. «Երկուսի աչքերն էլ բացվեցին, և նրանք հասկացան, որ մերկ են» (Ծննդ. Գ 7): Այժմ Տերը մեր նախկին պատմուճանը մեզ է վերադարձնում՝ մկրտության Ավազանի շնորհով: Այստեղ ծառաները հրեշտակներն են, քանզի նրանց միջնորդությամբ է Աստված շնորհները տալիս:
Մատանին սիրո և միավորության նշանն է, ինչպես օրինակ՝ փեսայի միավորության նշանը հարսի հետ: Իսկ այստեղ՝ Աստծու սիրո և մարդու հետ միավորության նշանն է: Այսինքն՝ երկնավոր Հայրը Հարսին՝ Եկեղեցուն, մատանի տվեց, ի դեմս Քրիստոս Փեսայի: Իսկ եպիսկոպոսի մատանին եպիսկոպոսի՝ իր թեմի հետ միավորության նշանն է: Ընդ որում մատանին նաև իշխանության նշան է: Հայրը, Իր մեծ սիրով որդու մատին մատանի դնելով, նրան իշխան է կարգում ծառաների վրա: Մատանին նշանակն է նաև գործնական առաքինության:
Կոշիկը ոչ միայն պահպանում է ոտքը կամակոր օձից, այլև իշխանություն է տալիս կոխոտել օձերին, կարիճներին ու թշնամու ողջ զորությունները, ինչպես նաև գեղեցկացնում է կրողին՝ ըստ այս խոսքի. «Որքա՛ն գեղեցիկ է քո քայլքը կոշիկներով» (Երգ Է 1): Սա նաև սուրբ Ավետարանի քարոզչության համար է (տե՜ս Եփես. Զ 15): «Բերե՜ք պարարտ եզը, մորթեցե՜ք, ուտենք և ուրախ լինենք»: Այլաբանորեն եզը մեր Տեր Հիսուս Քրիստոս է, իսկ եզի մորթվելը Տիրոջ խաչվելն է խորհրդանշում: Քանզի եզը հեզ ու սուրբ կենդանի է, ինչպես և մեր Տերը, Ով պարարտ է Աստվածությամբ ու լիուլի՝ Հոգու շնորհներով: Երկնավոր Հայրը հրամայեց մորթել եզը, քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց (տե՜ս Հովհ. Գ 16):
Մորթելուց հետո ասաց. «Ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»: Մարդը մեռած էր հոգով և կորած գեհենում: Աստված Իր անառակ ծառայի փրկության համար Իր սիրելի Որդուն որպես հորթ տվեց մորթելու, որը, սակայն, չարեց հարկադրաբար, որևէ մեկից բռնադատված և ոչ էլ տրտմությամբ, այլ ուրախությամբ, ինչ պատճառով էլ ասում է. «Ուտենք և ուրախ լինենք»: «Իսկ նրա ավագ որդին ագարակում էր»:
Ավագ որդին հրեշտակն է՝ այն բանական բնությունը, որ մեղք չի գործել, այլ եղել է բարի մշակ՝ պարարտ անդաստանում՝ հակառակ այն անդաստանին, ուր խոզեր կան: «Եվ մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայն»: Հայրը ցնծում է, քանզի գտավ Իր որդուն: Որդին ցնծում է, քանզի գտնվեց, իսկ մարդկային բնությունը ցնծում է, որովհետև զգեստավորվեց Սուրբ Հոգով՝ ըստ այս խոսքի. «Ես պիտի հրճվեմ Տիրոջով, որովհետև Նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին, և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով» (Եսայի ԿԱ 10):
«Եվ իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՞նչ է»: Ծառաները հրեշտակների ցածր դասերն են: Վերին զվարթունները տեղյակ չէին Տիրոջ մարդեղության խորհրդին, դրա համար ցածր դասերից էին հարցնում: Մարդեղության խորհուրդը բոլոր հրեշտակներն էլ Եկեղեցուց սովորեցին, այսինքն՝ Քրիստոսից, Ով գլուխն է Եկեղեցու՝ ըստ այս խոսքի. «Այն խորհուրդը, որ ծածկված էր դարերից և սերունդներից և որ այժմ հայտնվեց իր սրբերին» (Կողոս. Ա 26): Դարձյալ՝ «Որպեսզի Եկեղեցու միջոցով հայտնի լինի այժմ երկնային իշխանություններին և պետություններին Աստծու բազմապատիկ իմաստությունը» (Եփես. Գ 10): «Եվ սա նրան ասաց. «Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ-առողջ ընդունեց նրան»:
Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան»: Երբ հրեշտակներն իմացան, որ Տերը բոլոր մարդկանց հոգիները հանել է դժոխքից և դեպի երկինք ճանապարհել, բարկացան: Նրանք տեղյակ չէին մարդկային բնության նկատմամբ Աստծու անչափ գթությանը, Աստծու անոխակալությանը և սիրուն, այդ պատճառով անիրավացի էին համարում, որ այդպիսի անառակը՝ մարդը, միայն մեղա գալով այսպիսի փառքի արժանանա: «Որդին պատասխանեց և ասաց հորը.
«Այս քանի՛ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի»: Հրեշտակները խորհում էին իրենց մտքում, որ եթե սա անառակ լինելով այսպիսի փառքի արժանացավ, ապա որքա՜ն առավել փառքի իրենք են արժանի, քանզի երբեք Տիրոջ պատվիրաններից չեն անցել, սակայն մինչև այժմ դրա դիմաց իրենց ունեցած պատիվը դեռևս չի ավելացել, ուստի ասացին. «Ինձ երբեք մի ուլ չտվիր»: Սակայն նրանք չիմացան, որ իրենց մեծ պատիվը միշտ Աստծուն մոտ լինելն է:
Հրեշտակների համար կարիք չկար եզ մորթելու, քանզի նրանք անմեղ էին, կենդանի և միշտ Աստծու մոտ, իսկ մարդը մեռած էր մեղքերի մեջ, Աստծուց հեռացած և կարիք ուներ զոհաբերության: «Երբ եկավ քո այս որդին, որ քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, ընդունեցիր»: «Պոռնիկները» նյութական և մարմնական կյանքի զանազան չարություններն են:
«Հայրը նրան ասաց. «Որդյա՜կ, դու միշտ ինձ հետ ես»: Հայրը վկայում է, որ ավագ որդին երբեք չհեռացավ բարուց: «Եվ ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»:
«Մեռած էր», քանի որ անառակությամբ ապրելով վատնեց կենդանարար գոյացությունը: «Կորած էր», քանի որ կորստյան տանող «լայն և ընդարձակ ճանապարհով» էր գնում (տե՜ս Մատթ. Է 13): Իսկ մտադրվելով հոր մոտ գալ՝ կենդանացավ ու գտնվեց՝ թոթափելով մեռելությունն ու կորուստը:
Հայրն ուրախանում է ամեն մի մեղավորի համար, որն ապաշխարում է, և մեծ տոնախմբություն անում: Եվ այս տոնը ծննդյան տոն է, քանզի մեղավորը, որ սատանայի որդի էր, Աստծու որդի դարձավ՝ վերստին ծնվելով մկրտության Ավազանից: Սա նաև հարության տոն է, քանզի մեղավորը մահացու մեղքերից հարություն առավ և կենդանացավ հոգով: Եվ երրորդ՝ նաև հոգեգալստյան տոն է, քանզի ընդունում է Սուրբ Հոգուն այնպես, ինչպես առաքյալները Վերնատանն ընդունեցին:
Աղբյուրը` ter-hambardzum.net