“Իմ հոգու մի մասնիկը ճամփա է ընկել յուրաքանչյուր զոհված զինվորի հետ” /վիդեո/
Գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր փետրվարի 14-ին Աշտարակում ընտրողների հետ հանդիպանն ասաց, որ փետրվարի 18-ի ընտրությունները ոչ միայն ընտրություններ են, այլ ազգովի ընտրելու ենք նոր քաղաքացու կերպարը:
Սերժ Սարգսյանը հիշում է այն օրը, երբ 5 տարի առաջ փոթորկոտ մայրաքաղաքում երդվում էր երկիրը տանել փոփոխությունների ճանապարհով` ամբողջությամբ չպատկերացնելով, թե ինչ ահռելի պատասխանատվություն է ստանձնում:
Սակայն փոխվել են ժամանակները, փոխվել է ինքը: “5 տարի շարունակ, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար մեր զավակներին խրամատներ եմ ճանապարհել, եղել եմ նրանց կողքին … Ուզում եմ իմանաք, իմ հոգու մի մասնիկը ճամփա է ընկել յուրաքանչյուր զոհված զինվորի հետ”,-ասաց Սերժ Սարգսյանը:
Գլխավոր հրամանատարը փորձել է սատարել յուրաքանչյուրին, ով օգնության կանչ է հղել եւ փորձել է կորուստներին դիմագրավել նոր հաղթանակներով ու միասնական ձեռքբերումներով:
Նախագահի թեկնածուն հիշեցրեց, որ ընդամենը 10 օր առաջ հայ զինվորները ոչնչացրին մեր անվտանգության նկատմամբ ոտնձգություն կատարած դիվերսանտների: “Վերահաս վտանգը չեզոքացվեց փոփոխությունների հասնելու ձեր համառությամբ եւ հավատով:
Օրեր առաջ իրավապահները բացահայտեցին քաղաքական պայքարի ելած գործչի դեմ կատարված հանցագործությունը եւ ձերբակալեցին հանցագործներին: Ձեր շնորհիվ է այս գործելաոճը դարձել իրականություն` իրավապահ համակարգի փոփոխությունների պահանջով, երկրում անպատժելիությունը վերացնելու հետեւողական պատգամով”,-ասաց նա:
Իհարկե, Սերժ Սարգսյանը հպարտ է համատեղ ձեռքբերումներով, բայց ցավում է նաեւ մեր կորուստների, իր սեփական սխալների համար, որոնք քիչ չեն եղել եւ որոնց մասին իրենից ավելին ոչ ոք չգիտի:
“Ես չեմ մոռացել` մեծագույն քաջությունը երբեք չընկնելը չէ, այլ դրանից հետո ոտքի ելնելն է: Եվ այսօր ես ամուր կանգնած եմ ձեր առջեւ ու երբեք այդքան վստահ չեմ եղել Հայաստանի ապագայի համար, քան այս պահին. իմ մեծ հույսը դուք եք արթնացնում”,-ասաց Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում