Կարելի՞ է գուշակություններին ու աստղագուշակներին հավատալ
Մի կին քահանային հարցրեց, թե կարելի՞ է արդյոք գուշակություններին ու աստղագուշակներին հավատալ:
– Չի կարելի,- պատասխանեց հոգևորականը,- որովհետև դա մեծ մեղք է:
– Բայց վերջերս աստղագուշակում կարդացի, որ անհաջող օր է լինելու և այդպես էլ եղավ. շուկայում քաշի մեջ խաբեցին, աշխատավայրում տհաճություններ պատահեցին, ընկերուհուս հետ էլ վիճեցի,- ասաց կինը:
– Իսկ դու մի հավատա,- ասաց քահանան,- և այն քեզ վրա ոչ մի իշխանություն չի ունենա: Քանզի ուղղափառ մարդու կյանքն Աստծո նախախնամությունից է կախված, իր սրտաբուխ աղոթքից և արդար գործերից: Դու պետք է Աստծո ողորմածությանն ապավինես, այլ ոչ թե մտածես, թե ճամփադ սև կատուն կտրեց:
Սակայն կինն իր համոզմունքին մնաց: Սկսեց գուշակության գրքեր գնել, աստղագուշակներով թերթեր կարդալ: Եվ այդ ժամանակից սկսած ամեն ինչ գլխիվայր շրջվեց նրա կյանքում: Մի աստղագուշակում կարդաց, որ այդ օրը բարենպաստ է զարդեր գնելու համար և գնչուհուց ոսկե ականջօղեր գնեց: Սակայն պարզվեց, որ ոսկին կեղծ է: Մեկ այլ անգամ կարդաց, որ այդ օրը պետք չէ բուժումներ անել, հիվանդանոց չգնաց և հիվանդությունը շատ բարդացավ: Այդժամ հիշեց քահանայի ասածները, սակայն ուշ էր արդեն: Որովհետև Աստված թույլ է տալիս, որ գուշակություններն իրականանան, երբ մարդը թուլանում է հավատի մեջ կամ լիովին անհավատության մեջ է ապրում՝ ապավինելով ձեռքերի գծերին կամ սուրճի մրուրին՝ Աստծո ողորմածության փոխարեն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Աղբյուրը` surbzoravor.am