Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին /ֆոտո/
՛՛Րաֆֆի նախագահ, Րաֆֆի նախագահ՛՛,-ահա այս կոչերով Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում նախագահի թեկնածու, ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին վանաձորցիները:
Նախագահի թեկնածուն ողջունելով Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում գտնվողներին՝ բեմ բարձրացավ և սկսեց իր ելույթը: Նա նախապես շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր ելույթներին ծանոթ լինելու համար: ՛՛Ես իրեն հրավիրում եմ հրապարակային երկուստեք բանավեճի, ոչ թե միջնորդավորված՛՛,-հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա նաև մեկնաբանեց գործող նախագահի այն տեսակետը, թե Արցախը ճանաչելն արկածախնդրություն է: ՛՛Չճանաչել Ղարաբաղը, նշանակում է հրաժարվել Հայաստանի ազգային շահերից՛՛,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
՛՛Վերջ առանց հայրերի հարսանիքներին եւ ոչ լիարժեք ընտանիքներին: Վերջին տարիներին մեր երկիրը լքել է 200 հազար մարդ: Մենք պետք է վերջ դնենք դրան՛՛,- ընդգծեց նա: Նշենք, որ Հովհաննիսյանի ելույթից հետո իր երաժժտական կատարումներով ներկաներին ողջունեց ՛՛Ռենկարնացիա՛՛ խումբը:
Վանաձորից հետո նա այցելեց Սպիտակի արևային հելիոհամակարգերի փորձակայան, որտեղ պրոֆեսոր Վահան Համազասպյանը “Ժառանգության” առաջնորդին հյուրասիրությամբ պատվեց: Սեղանին դրված էին չրեր, որոնք տարբերվում էին իրենց պատրաստման յուրահատկությամբ: Պրոֆեսորը ներկայացրեց, թե ինչպես արևային ճառագայթման միջոցով իրենք Հայաստանի տնտեսության համար կարող են “վերելք ապահովել”: