… Եւ նրանք կերան իրենց հայրենիքը և այդպիսով իրենք իրենց կերան
Հաճախ է եղել, որ լսել եմ հայ մարդու բերանից. «Ձեր էդ եղեռնը…», «էդ Հայաստանը…», «Դուք…», և միշտ՝ “Ձեր էդ”։ Կամ նույնիսկ առանց «էդ»-ի՝ «Հայաստանը», որպես թե Հայաստանն իր մեջ չէ և ինքը Հայաստանում չէ – Հայաստանը հեռո՜ւ-հեռավոր մարդ մի տեղ է, բոլոր դեպքերում՝ իրենից դուրս և վերաբերում է թերևս միայն քեզ՝ հայ իշխանավորիդ, հայ հոգևորականիդ, հայ մտավորականիդ։ «Ձեր էդ եղեռնով գլուխ տարաք»։ «Ձեր էդ Հայաստանն էլ մի բան չի»։ «Մեր էս հայերն էլ…» Ահա մի քիչ մոտեցրեց իրեն՝ «մեր էս», բայց դարձյալ ինքը չէ – ինքը ողբերգական, զավեշտական, խելակորույս այս երևույթի կողքին կանգնած մեկն է։
Դրանք հաճախ եղել են «հովտաց միամիտ շուշաններ՝ որ ոչ մանում ու ոչ էլ բանում են» ազգային բարդույթի բեռան տակ, «Բայց կան գեղեցկորեն» և նրանց շնորհիվ մենք կանք. երբեմն եղել են մի եզակի անգամ իրենց տված մարդու կյանքը ազգային մեր այս թնջուկից հեռացրածները, և երբեմն էլ՝ մարդիկ, որոնց թվացել է, թե հայ ու Հայաստան լինելը գործ է, որ իրենք քեզնից լավ կանեին՝ եթե տրվեր իրենց։
«Ձեր էդ դաշնակները»։ «էդ ձեր կոմունիստները»։ «Հռոմի պապից ավելի ձեր էդ պապականությունը»։ «Ձեր էդ գետտոյական ինքնամեկուսացումը»։ «էդ ձեր անառագաստ միջազգայնականությունը…»։
Իսկ միմյանց զորությունը և միմյանց էլ թուլությունն ենք, հպարտություն ենք միմյանց համար և խարան՝ միմյանց վրա։
Միմյանցից հրաժարվել – չկա, չենք կարող, չենք կարող ինքներս մեզ ժխտել։ Հայ լինելը դժվար է, բայց անհնարը հայ չլինելն է։
Տարբեր լեզուների ու դավանանքների մեջ՝ մենք հայեր ենք։ Եվ մեր բոլորիս ու յուրաքանչյուրիս համար մեր ինքնությունը բեռ չէր լինելու, եթե չծանրանայինք միմյանց վրա, միմյանց համար բեռ չդառնայինք։ Այս այսպես և միայն այսպես է, բայց թաքուն հուսում ենք՝ թե այնքան էլ այդպես չէ, թե կարող ենք միմյանցից թաքնվել, գողանալ՝ թաքուն, շնանալ՝ թաքուն, անարի լինել՝ թաքուն, յուրաքանչյուրիս ներսի շիտակին ու քաջին այդպես կալանած էլ սպանել մեր ներսում ու հուսալ՝ թե դա մեր բոլորից թաքուն եղավ։ Այնինչ մարմինս է վկայում, որ ինքը կողոպտված է, ականջներիս պարապն է ճչում, թե եղբայրս թիկունքիս կանգնած չէ։
Բայց այսօր ա՞յդ օրն է, այսօր օրը չէ՞ մեր դժբախտ ճակատագիրն անիծելու։ Այսօր, և՛ երեկ, և՛ վաղը՝ միշտ ա՛յդ օրն է – լինելության ու մեր ճակատագիրը վերծանելու։
Մեր ճակատագիրը մեր ձեռքով մենք ենք դրոշմել, և հստակ ու անանց պոռթկում է մերոնցից, նրանց գիրը, ովքեր մարդու իրենց կոչման առջև ազնիվ են եղել, և անընթեռնելի ու չգո՝ մերոնցից նրանց գիրը, ովքեր եղել են ու չեն եղել, ովքեր այսօր իսկ կան ու չկան։
Եվ չտա Աստված, որ անարիներիս բացակայությունն այսօր՝ վաղը մեր ճակատագրերը վերծանելու հանձնի ոչ յուրայինների. “Կար մի երկիր Հայաստան անուն։ Նրա որդիներն անարի էին և մանավանդ աշխատել չէին սիրում և անազնիվ էին իրենց գործերի առջև, և նրանք կերան իրենց հայրենիքը և այդպիսով իրենք իրենց կերան”։
Մեր նման շատերի և շատերի գոյությունը մխիթարություն չէ մեզ համար, և նախանձը խնդիր է այս արևի տակ բարձր ներկայությունը նրանց, ովքեր մեր վիճակում եղել են, բայց այսօր մարդու և մարդկայնության, ազգի և ազգության չափանիշ են. մենք կարող էինք այնքա՛ն մենք լինել, ինչքան որ նրա՛նք են իրենք, մենք կարող ենք։
Սա հեշտ է, սա դժվար չէ, եթե դժվար չէ այս հողի վրա արյուն-քրտինք թափելը, խոսքի ու գործի այս աղբից հրապարակը մաքրելը, բանվորի-զինվորի-գործչի-գիտնականի-գրողի քո գործին չխարդավանելը։ Այլապես մարդկանց երկիրը նույնպես մեքենա է, չի կարողանում խաբվել։ Այլապես պահած ուրիշ անուն ունեն նահատակ քո ժողովրդի համար, քո հեռանալուն են սպասում։
Մեր պատմության ծանրությունը լիուլի բավ է մեզանից ամենադիմացկունին անգամ տապալելու – ողջերս չծանրանանք ողջերիս վրա, չծանրանանք։
Հրանտ Մաթևոսյան
Հ. Գ. Հրանտ Մաթեւոսյանն այսօր դարձավ 78 տարեկան: