26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նվաստացրել է մորը, դաժանաբար ծեծել է քաղցկեղով հիվանդ կնոջն ու խոշտանգել է 2 որդիներին. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Գալուստ Մ.-ի գործի դատական քննությունը: Կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել:

36-ամյա Գալուստը բռնություն է գործադրել իր մոր նկատմամբ, այժմ արդեն հանգուցյալ կնոջ նկատմամբ, ինչպես նաև խոշտանգել է իր երկու անչափահաս որդիներին:

Առաջին երկու տուժողների մասով Գալուստի քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողների ու ամբաստանյալի հաշտության ու բողոքի բացակայության հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Գալուստ Մ.-ն, օգտագործելով այն հանգամանքը, որ իր անչափահաս որդիները՝ 2000 և 2002 թվականներին ծնված Գրիգորն ու Սմբատը (անունները փոխված են) առանց մոր՝ համատեղ բնակվում են իր հետ, բնակության այլ վայր չունեն, գտնվում են իրենից նյութական կախվածության մեջ, 2014 թվականի ապրիլից նոյեմբեր խոշտանգման է ենթարկել երեխաներին՝ ալկոհոլ օգտագործած վիճակում անհիմն վեճեր է սարքել նրանց հետ, պարբերաբար հարվածներ է հասցրել, պատճառել է ֆիզիկական ու հոգեկան ուժեղ ցավ: Մշտական վեճերի մասին չհայտնելու սպառնալիքների արդյունքում առաջացնելով վախի մթնոլորտ՝ Գալուստը պահանջել է որդիներից, որ նվազեցնեն շփումը մահացու հիվանդ մայրիկի հետ, այդպիսով՝ հոգեկան տառապանքներ է պատճառել որդիներին:

Գալուստը բռնություն է գործադրել նաև իր մոր նկատմամբ՝ կոշիկով հարվածներ է հասցրել մոր գլխին, բայց հետագայում մայրն այդ արարքի համար նույնպես ներել է որդուն, վերջինս մորը ծեծելու համար քրեական հետապնդման չի ենթարկվել:

2015 թվականի մայիսի 26-ից մինչև օգոստոսի 19-ը Գալուստ Մ.-ն գտնվել է հետախուզման մեջ:

Ընդհանուր իրավասության դատարանում Գալուստն իրեն մեղավոր չի ճանաչել որդիների խոշտանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում Գալուստ Մ.-ն հայտնել է, թե իր անչափահաս որդիներին ինքը երբևէ չի խոշտանգել: «Դաստիարակչական նպատակներով» ընդամենը երկու անգամ հարվածել է Գրիգորի վզին ու արգելել է շփվել ընկերների հետ, քանի որ նրանց վարքագիծն իրեն դուր չի եկել, այդ տղաները ծխել են:

Անչափահաս տուժող Սմբատը հայտնել է, թե 2014 թվականի նոյեմբերին, կոնկրետ օրը չի հիշում, հայրը տուն է եկել ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանություն է սկսել, հարվածել է տատիկին ու մայրիկին:

Երբ հայրը ալկոհոլ չէր օգտագործում, նորմալ էր պահում իրեն: Բայց նա հաճախ էր խմում ու անպայման վեճեր էր սարքում: Նա կարող էր անցյալում կատարված մի բան հիշել և ծեծել իրեն ու եղբորը:

Հիմնականում իրենց ծեծում էր այն պատճառով, որ ամռանը իրենք որոշ ժամանակ բնակվել են մայրիկի հետ՝ Երևանում:

Մի անգամ հայրը սովորականի պես վիճում էր, ինքը հակաճառել է, հայրը հարվածել է իրեն: Բայց հիմնականում ծեծում էր առանց պատճառի:

Երբ իրենք մայրիկի հետ ապրում էին Երևանում, հայրն այնտեղ էլ էր գալիս, վիճում էր ու ծեծում իրենց:

Իր նախաքննական ցուցմունքում անչափահաս տուժող Սմբատը հայտնել է, որ 2014  թվի ապրիլի սկզբին հայրը տուն է եկել խմած, անհիմն վիճել է մայրիկի հետ: Ինքը միջամտել է: Հայրը հյուրասենյակի փոքրիկ սեղանի կոտրված ոտքով խփել է իր քթին, քթից արյուն է եկել:

Նույն ամսի մեկ այլ օր հայրը նորից խմած եկել է աշխատանքից, եղբորը՝ Գրիգորին ուղարկել է խանութ, ապա իրենց տուն է կանչել տատիկին: Տատիկը չի ցանկացել գալ: Հայրը բարկացել է, հեռախոսը հարվածել է գետնին, հետո  վերցրել է սեղանին դրված փլավի ամանը ու փլավը լցրել է մոր գլխին: Ինքը փորձել է միջամտել, հայրը թավայով խփել է մոր ձեռքին, հետո բռունցքով մի քանի անգամ խփել է մոր դեմքին:

Այդ ժամանակ եկել է տատիկը: Նա ցանկացել է հայրիկին տանել ննջարան՝ քնելու, փորձել է պառկեցնել, բայց հայրը հարվածներ է հասցրել տատիկին: Ոտքով էլ հարվածել է մայրիկին, նա ընկել է:

Դրանից հետո ծնողները նորից բաժանվել են: Իրենք որոշ ժամանակ ապրել են մայրիկի հետ, բայց երբ մայրիկի առողջական վիճակը վատացել է, իրենք վերադարձել են հոր մոտ: Նա շարունակել է ալկոհոլ օգտագործել, վիճել է իր ու եղբոր հետ:

Մի անգամ հայրը խմած տուն է եկել, տեսել է, որ ինքը խոհանոցում ձվածեղ է պատրաստում: Նա վիճել է  իր հետ՝ թե ինչու է ինքը ձուն նստած ջարդում: Մի քանի անգամ հարվածել է իր գլխին, ապա զգուշացրել է, որ ինքը հարվածների մասին ոչ ոքի չասի:

Մեկ ուրիշ անգամ հայրը նորից խմած եկել ու իրեն և եղբորը նախատել է, որ մոր հետ ապրելու ժամանակ նրան չեն զանգել: Հայրը խփել է Գրիգորին, բայց թե քանի անգամ է խփել՝ ինքը չգիտի, քանի որ մեջքով է պառկած եղել ու… վախեցել է շրջվել:

Մի անգամ էլ հայրը պահարանից վերցրել է հուշանվեր դանակը, իրեն ու եղբորը ցուցադրելով՝ սպառնացել է, որ եթե իրենք խելոք չմնան, կհարվածի դանակով: Երբ նա գնացել է քնելու, իրենք վախից փախել են տանից ու այլևս չեն վերադարձել…

Հոր հետ ապրելու ամբողջ ժամանակ նա վիճել է իրենց հետ ու ծեծել է, տանը տիրել է վախի մթնոլորտ:

Անչափահաս տղան իր ցուցմունքները պնդել է հոր հետ առերես հարցաքննության ժամանակ…

Անչափահաս Գրիգորը հայտնել է, թե 6 տարեկանից հիշում է՝ ինչպես է հայրը խմած տուն եկել, վիճել մոր հետ, ծեծել նրան ու իրենց: Մայրը ոստիկանություն չէր դիմում՝ մտածում էր, թե հայրը մի օր կփոխվի…

Ժամանակի ընթացքում հասկանալով, որ հայրը չի փոխվում, մայրը ամուսնալուծվել է: Իրենք մոտ հինգ տարի առանձին են ապրել՝ մայրիկի հայրական տանը:

2014 թվականի փետրվարին հայրը եկել է, մայրիկին առաջարկել է նորից միասին ապրել: Մայրը համաձայնել է, քանի որ արդեն հիվանդ էր, նա չէր ցանկանում, որ իրենք առանց ծնողի մեծանան…

Համատեղ ապրելու ժամանակ հայրը նորից խմել է, վիճել ու ծեծել է իրենց:

Որոշ ժամանակ հոր հետ ապրելով, տեսնելով, որ նա չի փոխվում՝ մայրը նորից հեռացել է: Իրենք գնացել են մոր հետ, բայց երբ մայրիկի առողջությունը սաստիկ վատացել է, իրենք տեղափոխվել են հոր մոտ:

Հայրը շարունակել է իրենց ծեծել, վախեցնել…

Մի օր էլ, երբ նա քնած էր, իրենք փախել են հոր տանից ու այլևս չեն վերադարձել:

2014 թվականի դեկտեմբերին մայրիկը քաղցկեղից մահացել է…

Ինքը խնդրել է, որ իրենց տեղավորեն երեխաների խնամքի որևէ կենտրոնում, քանի որ ուրիշ խնամող չեն ունեցել: Տատիկի տանն էլ վախեցել են մնալ՝ մտածելով, որ հայրը կգա այնտեղ ու նորից իրենց կծեծի…

Անչափահաս Գրիգորը ևս ցուցմունքները պնդել է հոր հետ առերես հարցաքննության ժամանակ:

Ինչքան պիտի անչափահաս տղաների ոսկորին հասներ, որ մոր մահից հետո իրենք խնդրեին երեխաների խնամքի կենտրոնում տեղավորել իրենց, այն դեպքում, երբ հայրը ողջ էր, կարող էր հոգ տանել իր դեռահաս զավակներին:

Գործում առկա են ցուցմունքներ այն մասին, թե ինչպես է Գալուստը պարբերաբար ծեծել քաղցկեղով հիվանդ կնոջը, ով ի վիճակի չի եղել դիմադրելու, չի էլ ցանկացել դիմել իրավապահներին՝ մտածելով, որ իր մահից հետո երեխաները կմնան առանց ծնողի…

Գալուստի մայրը դատարանում ասել է, թե որդին «նորմալ մարդ է, հոգատար հայր», միայն ալկոհոլ օգտագործելուց հետո է երբեմն վիճաբանել ընտանիքի անդամների հետ: Իրեն նա չի ծեծել, մի անգամ զայրացած է եղել, թևից բռնել ու հրել է… Գալուստը կնոջն ու որդիներին չի ծեծել, ուղղակի նրանք հաճախ վիճաբանել են՝ կապված Գալուստի խմելու հետ…

Գործի նախաքննության ժամանակ, սակայն, մայրը Գալուստի դեմ ցուցմունքներ է տվել, հայտնել է, որ որդին հարվածել է իրեն ձեռքով, կոշիկով, բայց նախաքննության ավարտին մայրը հաշտվել է որդու հետ, որպեսզի որդին քրեական հետապնդման չենթարկվի:

Դատարանը եզրահանգել է, որ Գալուստի մոր դատաքննական ցուցմունքները արժանահավատ չեն, նպատակ են հետապնդում որդուն զերծ պահել քրեական պատասխանատվությունից ու պատժից:

Գալուստի՝ ներկայումս հանգուցյալ կինը, տուժող երեխաների մայրը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ Գալուստի հետ ամուսնացել է 1998 թվականին: Երկու որդի ունեն: Համատեղ կյանքի ընթացքում իր ու ամուսնու հարաբերությունները շատ վատ են եղել, քանի որ ամուսինն անընդհատ խմել է, վիճել  է իրենց հետ, ծեծել է իրեն ու երեխաներին:

2008 թվականին իրենք դատարանի վճռով ամուսնալուծվել են:

Իսկ 2014 թվականի մարտին Գալուստն առաջարկել է կրկին միանալ ու համատեղ ապրել: Քանի որ ինքն անբուժելի հիվանդությամբ է տառապում, բնակվելու մշտական կացարան չունի, համաձայնել է վերադառնալ Գալուստի մոտ, որպեսզի… իր մահից հետո երեխաները որբ չմնան:

Բայց միանալուց մեկ ամիս անց Գալուստը նորից խմել ու շարունակել է իրենց հետ վիճել, ծեծել, տանջել…

Ի վերջո, քաղցկեղով հիվանդ կինը ստիպված է եղել մեկ անգամ ևս հեռանալ վայ-ամուսնուց….

Կինը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ դեռ ընթանում էր գործի նախաքննությունը…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ Գալուստ Մ.-ն ծեծել ու խոշտանգել է իր անչափահաս որդիներին: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի օգոստոսի 19-ից:

Պատժի կրման ընթացքում Գալուստ Մ.-ն հարկադիր բուժում կստանա «Հոգեկան ու վարքային խանգարումներ ալկոհոլի գործածման հետևանքով, կախվածության համախտանիշ» հիվանդությունից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ