Իրանի նախագահը 2-րդ անգամ է հարձակման ենթարկվել Եգիպտոսում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Եգիպտոս կատարած իր այցի ընթացքում 2-րդ անգամ է հարձակման ենթարկվել սիրիական ընդիմության կողմնակիցների կողմից, հաղորդում է “Ալ-Արաբիա” հեռուստաալիքը:
Ահմադինեժադը ներկա է գտնվել իրանցի դիվանագետներից մեկի տանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը, երբ հանկարծ նրան է մոտեցել ագրեսիվ տրամադրվածությամբ մի անձնավորություն, ով, հայտնի չէ, թե ինչպես է հայտնվել հյուրերի մեջ: Նախագահի թիկնապահները եւ եգիպտացի ոստիկանները կանգնեցրել են նրան Ահմադինեժադից մի քանի քայլ հեռավորության վրա: Վերջինս չի տուժել:
Այն մասին, որ չարագործը թշնամաբար է տրամադրված եղել, հայտնի է դարձել հենց նրա բառերից, քանի որ նախագահին մոտ վազելով նա ճչացել է. “Մահ Ահմադինեժադին, մահ Բաշար Ասադին”: Թիկնապահները զննել են նրան, որեւէ զենք չարագործի մոտ չի հայտնաբերվել: Նրա անունը եւ ազգային պատկանելությունը դեռեւս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Ահմադինեժադի վրա կոշիկ էին նետել, սակայն նրան կրկին փրկեցին թիկնապահները:
Եգիպտոսի բնակչության մեծ մասը կազմող արաբ-սունիները հիմնականում աջակցում են սիրիական ապստամբներին, որոնք պայքարում են Բաշար ալ-Ասադի ալավիական վարչակարգի դեմ: Շիա մահմեդական ուղղվածությամբ Իրանը, ընդհակառակը, աջակցում է Ասադին, ում կրոնը մոտ է իրենց: